ՈՐ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՖԱՐՄԱՆՅԱՆՆ ՈՒ ԱՎԱԳՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՀՀԿ ՑՈՒՑԱԿԻ 10-ՅԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ ճիշտ ժամանակն է՝ եւս մեկ անգամ դիտարկելու իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորների գործունեության հետագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը այսօր կփորձի պարզել, թե ինչ անկրկնելի ծառայություններ են մատուցել «երիտհանրապետականներ» Կարեն Ավագյանն ու Սամվել Ֆարմանյանը, որոնց անուններն այսօր ներկայացված են ՀՀԿ-ի ցուցակի առաջին տասնյակում:

Կարեն Ավագյանը Սերժ Սարգսյանի համար թերեւս լավագույն երիտհանրապետականներից է։ Շատերը կհիշեն, թե նա ինչպես էր զայրացել Գագիկ Ծառուկյանի վրա 2015թ. փետրվարին, երբ վերջինս համարձակվել էր մարտահրավեր նետել Սարգսյանին։ Արմեն Աշոտյանից հետո Ծառուկյանի դեմ արշավի ամենակատիվ զինվորն էր Կարեն Ավագյանը, որը ԲՀԿ առաջնորդին ոչ մի կերպ չէր խնայում՝ անձնական վիրավորանքներից մինչեւ քաղաքական ծայրահեղ որակումներով «պատվելով»։ Իսկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուց հետո նա կտրականապես փոխեց իր կեցվածքը՝ խուսափելով կրկնել իր նախկին ձեւակերպումները։ Ավագյանը, սակայն, մինչ այդ հայտնի էր «փուչիկների գործով». նրա կազմակերպած միջոցառման ժամանակ գազավորված փուչիկները պայթել էին՝ մարմնական վնասվածքներ հասցնելով ՀՀԿ-ի քարոզչական միջոցառմանը մասնակցող երիտասարդներին։ Այդ դաժան միջադեպից հետո էլ համացանցը ողողվեց Ավագյանի համար հորինված մականուններով (օր.՝ «փուչիկ Կարեն»)։ Ավագյանը ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի կադրերից էր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը։ Մինչ օրս նա շարունակում է կրել այդ «պատվավոր տիտղոսը», թեպետ վաղուց հատել է 40-ի շեմը։
Սերժ Սարգսյանին ատամներով պաշտպանելու Կարեն Ավագյանի քայլերը, սակայն, ամենեւին էլ միայն անսահման սիրուց ու հարգանքից չէ, որ դրդված են։ Մամուլը բազմիցս է գրել, որ Կարեն Ավագյանի ղեկավարած «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» մեծ դրամաշնորհներ է ստանում կառավարությունից, ինչին զուգահեռ աճում է նաեւ Ավագյանի անձնական ունեցվածքը։ Հիշեցնենք, որ Ավագյանը 2016թ. ընթացքում ստացել էր 20 մլն ՀՀ դրամի եւ 40 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որի մի մասը գոյացել էր աշխատավարձից, մյուսը՝ նվիրատվություններից։ Ավագյանը, սակայն, կարծես այնքան էլ տրամադրված չէ հանրությանը պարզաբանելու, թե այդ ինչ նվիրատվություններ է ստացել։ Նկատենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կերազեր նման նվիրատվություններ ստանալ: Հաշվի առնելով Ավագյանի նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկ, անբասիր կենսագրությամբ պաշտոնյաներով իշխանությունը համալրելու ՀՀԿ-ի ղեկավարության հորդորներին՝ վստահ ենք, որ նա կբացահայտի այդ առեղծվածը եւ բոլորիս կհուշի, թե ինչպես է ձեռք գցել այդօրինակ նվիրատվություններ։ Իսկ նախորդ 5 տարիներին ԱԺ-ում Կարեն Ավագյանն իրեն դրսեւորել է որպես պատասխանատու ՀՀԿ-ական, ինչի վկայությունն է նրա քվեարկությունների պատկերը. կողմ՝ 884, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 2։ Ավագյանը, հրաժարվելով քվեարկություններից 33 անգամ, բացակայել է 35 նիստերից։ Ըստ Parliamen Monitoring-ի տվյալների՝ ԱԺ նիստերի ժամանակ նա հանդես է եկել 2 հարցապնդումներով՝ առանց ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու։ Այս ամենից ելնելով՝ Սերժ Սարգսյանը Կարեն Ավագյանին բազմեցրել է ՀՀԿ-ի ցուցակի 10-րդ հորիզոնականում՝ հարկադրելով հայ հասարակությանը «վայելել» երիտասարդ այս հանրապետականի խորհրդարանական ներկայությունը եւս 5 տարի։
ՀՀԿ-ի ակտիվ եւ Սերժ Սարգսյանի բարեհաճությունը վայելող երիտասարդներից մյուսը Սամվել Ֆարմանյանն է, որը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012թ. մեծամասնական ընտրակարգով։ Մինչ պատգամավոր դառնալը, Ֆարմանյանը եղել է Սերժ Սարգսյանի ռեֆերենտը, ապա մամլո խոսնակը։ 2010-2012թթ. նա աշխատել է որպես ՀՀ հանրային հեռուստաընկերության եւ ՀՀ ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն։ Այսօր նա ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 9-րդ համարն է, եւ կասկած չկա, որ կհայտնվի խորհրդարանում։ Հետաքրքիր է, որ Ֆարմանյանն այս անգամ չի առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով իր հարազատ Նոր Նորքում՝ թերեւս ավելորդ տեղը չբորբոքելու համար թիվ 1 ընտրատարածքում ընթացող ծայրաստիճան լարված պայքարը ՀՀԿ-ի թեկնածուներ, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի ու Նոր Նորք համայնքի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայր, ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի միջեւ։
Ֆարմանյանի գործունեությունը կարելի է հակասական որակել, քանզի նա միշտ չէ, որ ակտիվորեն արձագանքում է հասարակական-քաղաքական կյանքի զարգացումներին եւ հակադարձում Սերժ Սարգսյանի հակառակորդներին։ Հիշենք, սակայն, որ Ֆարմանյանը նախաձեռնեց նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի դեմ արշավը՝ ըստ էության հասնելով վերջինիս հրաժարականին։ Մամուլը գրում էր, որ դրա թիկունքում կանգնած էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։ Ի դեպ, խորհրդարանական աշխատանքի ընթացքում Ֆարմանյանը հասցրել էր նաեւ ԱԺ միջանցքում ծեծկռտուքի մեջ հայտնվել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական գործունեության հիմնական կողմին, ապա հարկ է նշել, որ Ֆարմանյանը բացակայել է 209 անգամ։ Դրա հետ մեկտեղ՝ նա հրաժարվել է քվեարկելուց շուրջ 17 անգամ։ 31 անգամ հանդես գալով հարցապնդումներով՝ նույնքան անգամ էլ Ֆարմանյանը ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից։ Հատկանշական է, որ նա կողմ է քվեարկել 727 անգամ, դեմ՝ 8 անգամ, ձեռնպահ՝ 4 անգամ։ Ահա այսպիսի գործունեությամբ էլ Ֆարմանյանը վաստակել է խորհրդարանում վերստին հայտնվելու՝ Սերժ Սարգսյանի «դաբրոն»:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԴՊՐՈՑՈՒՄ ՋՈՒՐ ՉԿԱ

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Լոռու մարզի թղթակիցն ահազանգ է ստացել Պրիվոլնոյե գյուղում տիրող իրավիճակի մասին: Ահազանգող բնակիչը, ով հասկանալի պատճառներով խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է, որ գյուղի դպրոցում տեւական ժամանակ է՝ խմելու եւ ոռոգման ջուր չկա: Դպրոցի սանհանգույցը եւս չի օգտագործվում, ինչի պատճառն ըստ ահազանգող ծնողի՝ ներսում տիրող խայտառակ սանիտարահիգիենիկ վիճակն է:

Բնակչի խոսքով՝ աշակերտները բնական կարիքները հոգում են դպրոցի հետնամասում գտնվող մի շինության մեջ, որը եւս չի փայլում իր մաքրությամբ. «Ո՛չ զուգարանում ջուր կա դպրոցի, ո՛չ խոհանոցում, խայտառակ իրավիճակ է մեր դպրոցում, ով որտեղ հասցնում, բնական կարիքներն է հոգում»,-հայտնել է աշակերտի ծնողը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Ֆյոդորովնան չհերքեց, որ դպրոցում ջուր չկա, չհերքեց նաեւ, որ սանհանգույցը եւս չի ծառայում իր նպատակին, բայց ոչ թե սանիտարահիգիենիկ վիճակի, այլ ջրի բացակայության պատճառով. «Ջուրը սառած է, հունվարի արձակուրդներից հետո դպրոցում ջուր չի գալիս, դրա համար էլ սանհանգույցը չի օգտագործվում, իսկ խոհանոցի ջուրը մեքենաներով բերվում է դպրոց»,-ներկայացրեց տնօրենը: Միեւնույն ժամանակ նա եւս փաստեց, որ աշակերտներն ու ուսուցչական կազմը իրենց բնական կարիքները հոգում են դպրոցի մոտակայքում կառուցված զուգարանում. «Եթե ջուր չունենք, ոնց օգտագործենք զուգարանները: Դպրոցի հետեւի մասում զուգարան կա, հավաքարարները ամեն օր մաքրում են զուգարանը, մաքուր է այնտեղ»: 125 աշակերտ ունեցող դպրոցում ամեն ձմեռ նույն խնդիրն է լինում, իսկ թե ինչու համայնքապետը քայլեր չի ձեռնարկում, տնօրենն այսպես է մեկնաբանում. «Գյուղապետը ոչինչ չի կարող անել, հողի տակ է սառել, արեւը պետք է տաքացնի, որ հալի…»:
Ահազանգող ծնողի խոսքով, բացի դպրոցի ներսում տիրող շենքային ու կոմունիկացիոն խնդիրներից՝ դպրոցում նաեւ դրամահավաքությունն է ընդունված: Ըստ ծնողի՝ ամեն առիթի աշակերտներից գումարներ են հավաքում տնօրենի եւ ուսուցիչների նվերների համար: Վերջին դեպքը կապված է եղել մարտի 8-ի հետ. «Չեն էլ հաշվում էդ աշակերտի ընտանիքի սոցիալական վիճակը, ծնող կա, որ իր երեխեքին հազիվ է պահում, բայց պարտադիր պետք է նվերների փողերը տա»,-հայտնել է ծնողը: Սրա հետ կապված դպրոցի տնօրենը նշում է. «Մեր դպրոցում նման բան չի արվում: Պարտադի՞ր, մարտի 8-ի՞, որեւէ նման հրաման չի եղել, ու եթե առանձին դեպքեր կան, կարող է, ես գիտեմ, ես ո՛չ հետաքրքրվում եմ, ո՛չ էլ նվեր եմ ստանում, ինձ հետաքրքիր չէ դա, որեւէ գումար դպրոցում չի հավաքվում»,-ասաց նա՝ մոռանալով սակայն, որ որպես տնօրեն իրեն ոչ թե պետք է հետաքրքրի կամ չհետաքրքրի դպրոցում իրականացվող դրամահավաքությունը, այլ ինքը պարտավոր է նույնիսկ իր ասած առանձին դեպքերը բացառել:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավարի՝ Ժորա Մարտիրոսյանի որդին՝ Կարեն Մարտիրոսյանը, 2014թ. հունիսի 11-ին՝ ժամը 18-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ, Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմացից առանց համարանիշի «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնություն գործադրելով, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Իջեւան քաղաքի բնակչուհուն: Սակայն Իջեւան քաղաքի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կ. Մարտիրոսյանը եւ մյուսները, իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով, հանցագործությունն ավարտին չեն հասցրել: 1981թ. ծնված Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Սակայն Կ. Մարտիրոսյանը դատական նիստերին չի ներկայացել:
2015թ. հուլիսի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշում է կայացրել նշված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Նկատի ունենալով, որ Կ. Մարտիրոսյանի գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2016թ. սեպտեմբերի 19-ին ոստիկանության Իջեւանի բաժնից դատարան գրություն է ստացվել, որ Կ. Մարտիրոսյանը 2016թ. սեպտեմբերի 17-ին հայտնաբերվել է ու տեղափոխվել «Վանաձոր» քրեակատորողական հիմնարկ: Այդ քրեական գործով դատաքննությունը վերսկսվել է: Դատաքննության ընթացքում Կ. Մարտիրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք չի տվել, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ հավանել է «Յունիբանկի» աշխատակից աղջկան, ցանկացել է նրա հետ ամուսնանալ, տարբեր անձանց միջոցով նրան ծաղիկներ եւ նվերներ է ուղարկել, սակայն աղջկա ուշադրությանը չի արժանացել: Տուժած աղջիկը ցուցմունք է տվել, որ Կ. Մարտիրոսյանն իր տան անդամների հետ իրենց տուն խնամախոսության է եկել, սակայն ինքը մերժել է նրան: Դատարանն արձանագրել է, որ 2013թ. օգոստոսի 13-ի դատավճռով Կ. Մարտիրոսյանը դիտավորյալ հանցագործության համար պայմանականորեն դատապարտվել է 4 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման:
2017թ. փետրվարի 27-ին Իջեւան քաղաքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Կ. Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման, պատժի ժամկետին հաշվակցել նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակը՝ 3 ամիս, 21 օրը, եւ պատիժ նշանակել մեկ տարի, ութ ամիս, 9 օր ժամկետով ազատազրկումը: Դատավորը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածը եւ նշանակված ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը՝ 4 տարի, 20 օրը, եւ նրան վերջնականապես դատապարտել 4 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նշեմ, որ քրեական գործով տուժած աղջիկը 2 տարի առաջ ամուսնացել է, նա դատարանում Կ. Մարտիրոսյանի նկատմամբ բողոք կամ պահանջ չի ներկայացրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս