ՀՀԿ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով եւ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուների հայտարարագրերը:

Գործարար թեկնածուն
ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտարարագրել է, որ Երեւանում ունի երկու բնակարան եւ մեկ ոչ բնակելի տարածք: Բացի այս՝ նա ունի երկու «Toyota Land Cruiser Prado 2.7» եւ «Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենաներ: Թեկնածուի դրամական միջոցները կազմում են 995 մլն 854 հազար դրամ եւ 119 հազար 300 դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սարգսյանը «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում, «ՍԱՍ Հոլդինգ», «Միրնա» եւ «Րիտոս» ՓԲԸ-ներից յուրաքանչյուրում ունի 50 տոկոս բաժնետոմս: Սա դեռ ամենը չէ. Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է մոտ 6 մլն 360 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած 1 մլն 80 հազար դրամը (իր սեփական տարածքը վարձակալել է իրեն պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը), «Ամերիկյան Էքսպրես Եվրոպա»-ից ստացած 13 հազար 515 դոլարի չափով փոխառությունը, վարկը: Բացի այս՝ նա փոխառություն ստացել է նաեւ «Արդշինբանկ»-ից՝ ավելի քան 14 հազար եվրոյի չափ: Իսկ գույքի վաճառքից 6 մլն դրամ է ստացել:

Տաքսի սերվիսով քաղաքապետը
Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը ընդամենը մեկ հատ «Մերսեդես S 450» մակնիշի ավտոմեքենա ունի: Իսկ որպես անշարժ գույք հայտարարագրել է 5 հատ շենք, շինություն, մեկ հատ ամառանոց Ջերմուկ քաղաքում եւ հողին ամրակցված երկու հատ այլ անշարժ գույք: Որպես եկամուտ Մարգարյանը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 5 մլն 254 հազար 540 դրամ: Նա նաեւ ավտոմեքենան է վաճառել՝ 25 մլն դրամով: Իսկ դրամական միջոցները կազմում են 250 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 50 հազար եվրո: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետը «Զեթ ընդ զեթ» ընկերությունում ունի 50 տոկոս փայաբաժին: Տեղեկացնենք, որ նշված ընկերությունը Հայաստանում մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներ է իրականացնում:

Մալադե՛ց օգնական
Երեւանի քաղաքապետի 33-ամյա օգնական, ԱԺ պատգամավորության թեկնածու Մարիա Բարեղամյանը շարժական եւ անշարժ գույք չունի: Նրա դրամական միջոցները կազմում են 17 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 7 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ երիտասարդ օգնականը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է 3 մլն 891 հազար 536 դրամ:

Բաժնետոմսերով գործազուրկը
ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված գավառցի Տիգրան Արզաքանցյանը իր պաշտոնական հայտարարագրում նշել է, որ չի աշխատում: Բայց նա հայտարարագրել է, որ «Նիկելի Սար», «Գոլդեն Վելլի» «Հանքառատ», «Մեղրաբույր», «Ցեմենտ Մայնինգ», «Աշտարակյան գինիներ», Tudor Wines ընկերութունների 100 տոկոս բաժնետոմսերը իրեն են պատկանում: Իսկ «AMGM S.a.r.l. Luxemburg» ընկերությունում ունի 29 տոկոս բաժնետոմս: Թեկնածուն հայտարարագրել է, որ ունի 2 մլն դրամի չափով դրամական միջոց: Նա Գավառում ունի ընդամենը մեկ առանձնատուն եւ մեկ «ԲՄՎ 760 U» մակնիշի ավտոմեքենա:

«Սուսերամարտիկ» թեկնածուն
Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով «Քեթրին» հասարակական կազմակերպության, «Քեթրին» սուսերամարտի ակումբ ՀԿ-ի տնօրեն Սրապիոն Մխիթարյանն ունի Երեւանում մեկ բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ «BMW 520 I» մակնիշի ավտոմեքենա: Իսկ որպես եկամուտ ՀԿ-ի տնօրենը նշել է «Քեթրին գրուպ»-ից ստացած աշխատավարձը՝ 1 մլն 544 հազար դրամը, 60 հազար դրամի չափով թոշակը եւ բանկերից մեկից ստացած 222 հազար դրամ վարկը: Նշենք, որ թեկնածուի դրամական միջոցները կազմել են 1.3 մլն դրամ եւ 14 հազար 500 դոլար:

Օֆշորից մազապուրծը
ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում հայտնված, «Քեթրին» ՀԿ-ի նախագահ Միհրան Պողոսյանը, որը նաեւ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու է, ունի 34 մլն դրամ եւ 153 հազար դոլար դրամական միջոց: Նրա եկամուտը կազմել է 3 մլն 100 հազար դրամ, որը նա ստացել է վարձակալության դիմաց՝ «Քեթրին գրուպ»-ից: Բանան ներկրող Միհրան Պողոսյանը հայտարարագրել է, որ Երեւանում ունի մեկ բնակելի տուն, հասարակական նշանակության 6 հատ շինություն, մեկ ավտոտնակ եւ արտադրական նշանակության մեկ շինություն:

Վարձակալությամբ ապրողը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, ունի երկու բնակարան Երեւանում, մեկ խանութ, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ հողամաս եւ 2011 թվականի արտադրության «Toyota Camry 2.5 Gas» մակնիշի ավտոմեքենա: Արման Սահակյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 200 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է 7 մլն 653 հազար դրամ: Բացի այս՝ նա 50 մլն դրամի շահաբաժին ստացել է «Արդինի ստուդիա» ընկերությունից, 9 մլն դրամ՝ «Սա-Դա տրանս»-ից: Նա «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար է ստացել, «Արմինաշող» ընկերությունից՝ 7.2 մլն դրամ, իսկ «Ալֆա ֆարմ»-ից՝ 1.8 մլն դրամ:

Բժիշկ թեկնածուն
ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու է նաեւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ով Եղվարդ քաղաքում բնակելի տուն ունի: Նրա դրամական միջոցները կազմում են 4.5 մլն դրամ, 20 հազար դոլար եւ 17 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը. ըստ այդմ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից Դալլաքյանի ստացած աշխատավարձը տարեկան կազմում է 12 մլն 591 հազար դրամ, իսկ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանից՝ մոտ 1 մլն 150 հազար դրամ:

«ՎԱԶ 21»-ի հույսին
ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը վերջերս հայտնվել էր աղմկալի պատմությունների կիզակետում, ունի 1 մլրդ 909 մլն 985 հազար դրամ եւ 985 հազար դոլար դրամական միջոց: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ «Ավշարի գինու գործարան» ընկերության 100 տոկոս բաժնետերն է: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 6 մլն 450 հազար դրամը եւ «Ավշարի գինու գործարանի» գյուղմթերքի իրացումից ստացած վճարը՝ 44 մլն 625 հազար դրամը: Նա Երեւանում ունի երկու բնակարան, Ավշար գյուղում բնակելի մեկ տուն, 16 հողամաս, հասարակական մեկ շինություն, խաղողի 3 այգի, մեկ ավտոհանգրվան: Նաեւ «Ավշարի գինու գործարան»-ը, նույն գործարանի հասարակական եւ արտադրական նշանակության հողատարածքները: Իսկ ունեցած ավտոմեքենան էլ 1999 թվականի արտադրության մեկ «Վազ 21213»-ն է:

Դատարկ գրպանով
Իսկ ահա ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մուրադ Մուրադյանը ո՛չ շարժական գույք ունի եւ ո՛չ էլ անշարժ: Նա նույնիսկ դրամական միջոցներ չունի: Մուրադյանի եկամուտը միայն իր ստացած աշխատավարձն է՝ տարեկան 6 մլն 758 հազար դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս