Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանի ներկայացուցիչը։ Դատարանը այսօր ստացել է Հայաստանի դատարանի որոշումը։

«Իհարկե, նա իր պատիժը կրելու է Ռուսաստանում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը՝ չմեկնաբանելով, թե ՌԴ որ շրջանի բանտ է տեղափոխվելու Պերմյակովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը համաձայնվել է քննարկել Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի մասին հարցը: «Վալերի Պերմյակովը դատապարված է և՛ հայկական, և՛ ռուսական դատարանի կողմից: Քննարկվում է նրա պատժի կրման վայրի մասին հարցը»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել էին ՀՀ արդարադատության նախարարությունում:

Իր հերթին, Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ «տեսականորեն Պերմյակովը կարող է տեղափոխվել Ռուսաստան»: «Կարող է հաշվի առնվել այն հանգամանքը, որ հայկական դատարանի կողմից գործի քննության ժամանակ նա արդեն դատապարտվել էր ռուսական դատարանի կողմից»,- ասել էր փաստաբանը: Ընդ որոմ, ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել էր մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Պերմյակովին կարող են փոխարինել Ռուսաստանում դատապարված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ:




Լրահոս