ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմնանորոգվում է Հաղարծինով անցնող միջպետական ավտոճանապարհի մի հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնանորոգվում է Հաղարծինով անցնող միջպետական ավտոճանապարհի մի հատվածը (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:

Երևան – Սևան – Իջևան (Մ4) ավտոճանապարհի Հաղարծին համայնքով անցնող ճանապարհահատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները:

ՀՀ նախագահի խիստ հանձնարարականով և վարչապետի վերահսկողությամբ դիտարկվել է ավտոճանապարհի առավել քայքայված 5 կմ երկարությամբ հատվածը և որոշում է կայացվել այստեղ իրականացնել ոչ թե փոսային նորոգում, այլ հիմնանորոգում:

Նախատեսվում է աշխատանքներն ավարտել տասնօրյա ժամկետում` նկատի ունենալով, որ շինարարությունը հնարավոր է իրականացնել նաև անձրևային եղանակի պայմաններում, քանի որ կիրառվող տեխնոլոգիան դա թույլ է տալիս:

Նախարարը հորդորեց առավելագույն արագությամբ աշխատել և նվազագույն անհարմարություն պատճառել վարորդներին:

Ճանապարհաշինարարների խոսքով` Հաղարծին համայնքից մինչև Թեղուտ բնակավայր ձգվող ճանապարհահատվածի փոսային նորոգման աշխատանքներն անարդյունավետ կլինեին, քանի որ ճանապարհի հիմքն արդեն քայքայված էր։

«Նորոգումն իրականացնում ենք ժամանակակից մեթոդով, որն ավելի արդյունավետ է և քիչ ծախսատար: Հին ճանապարհի պատվածքը քանդելով` ստանում ենք խառնուրդ և օգտագործում այն որպես հիմք»,- ասաց «Ճանապարհ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը:

Վերջին անգամ այս ճանապարհը կապիտալ նորոգվել էր 2001 թվականին: Վանաձոր – Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման պատճառով այստեղ ծանրաբեռնվածությունը կտրուկ մեծացել է, քայքայման գործընթացն արագացել:

Էդուարդ Բեզոյանի խոսքով` աշխատանքի բարդությունը շինարարության ընթացքում ենթակառուցվածքների տեղափոխումն է, որը բավական ժամանակատար է:

«Կան շատ մակերեսային տեղադրված ջրի խողովակներ, որոնք շինարարության ընթացքում խանգարում են տեխնիկայի աշխատանքին: Համայնքի ղեկավարի հետ պայմանավորվել ենք, որ իրենք տեղափոխեն այս կոմունիկացիաները, իսկ ջրահեռացման համակարգի համար տեղային լուծումներ կտանք: Երբ աշխատանքներն ավարտենք, որոշ հատվածներում վերակառուցման աշխատանքներ կանենք և այդպես կխուսափենք ճանապարհի երկար փակ լինելուց»,-հայտնեց ճանապարհաշինական ընկերության տնօրենը:

Տավուշի մարզ այցի ընթացքում նախարարը եղավ նաև Իջևան քաղաքով անցնող ճանապարհի մի խնդրահարույց հատվածում, որտեղ տեղադրված են բետոնե արգելապատնեշներ:

Ճանապարհին հարակից կրպակների տերերը պնդում են, որ պատնեշները խանգարում են առևտրին և դրանք պետք է ապամոնտաժել: Սակայն, առկա է նաև հետիոտների անվտանգության խնդիր: Նախարարն առաջարկեց քաղաքային իշխանությունների, պետավտոտեսչության և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում կազմակերպել և, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, արդյունավետ լուծում գտնել:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս