«Աբովյան» ՔԿՀ-ում միջոցառում է կազմակերպվել կին դատապարտյալների և նրանց այցելած երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անցկացվեց տոնական միջոցառում կին դատապարտյալների և նրանց այցելած երեխաների համար:

Քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Մ. Միքայելյանը, ողջունելով ներկաներին, վերջիններիս փոխանցեց Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի շնորհավորական խոսքը` շեշտելով, որ այսօրինակ միջոցառումները անմիջականորեն նպաստում են դատապարտյալ կանանց վերասոցիալականացմանը:

Տոնական սեղանների շուրջ ծնողներին հանդիպելուց հետո երեխաները նկարակալների վրա սկսեցին գունանկարներ անել, ապա հաջորդեց կավճանկարչությունը: Այնուհետև փոքրիկներն ասմունքեցին և հանդես եկան երաժշտական կատարումներով:

Միջոցառումն ավարտվեց «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված «Իսկական ընկերը» տիկնիկային բեմադրությամբ, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեցին ներկաների կողմից:

Միջոցառումից հետո ՔԿՀ պետ Մ. Միքայելյանը այցելեց անչափահաս կալանավորված անձանց և դատապարտյալներին, շնորհավորեց նրանց տոնի կապակցությամբ, ապա ծավալվեց անկեղծ և անմիջական զրույց:

Օրվա ավարտին, մինչ երեխաները հրաժեշտ կտային իրենց մայրերին, հիմնարկի աշխատակիցները և դատապարտյալ կանայք երեխաներին նվերներ հանձնեցին:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս