Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Տավուշի մարզում խաղողի մթերումն ավարտվել է:
Այս տարի մարզում ընդհանուր առմամբ մթերվել է 5106 տոննա խաղող, որը ավել է նախորդից: 2016թ. Տավուշում մթերվել էր 4141 տոննա խաղող: Վ. Սուքոյանն ասաց՝ հաշվի առնելով այն, որ այս տարվա եղանակային պայմանները գյուղատնտեսության համար անբարենպաստ էին, 5 հազար տոննա խաղողի մթերումը լավ ցուցանիշ է:
Տեղեկացնենք, որ մարզում խաղող են մթերել Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Բերդավանի գինու գործարանը, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մթերման կետը եւ Իջեւանի գինու գործարանը: Սուքոյանը հայտնեց, որ Իջեւանի գինու գործարանը խաղող մթերողներին վճարում է ժամանակացույցով, տարի է եղել, որ վճարումները ձգձգվել են մինչեւ հաջորդ տարվա փետրվար: Նա ասաց, որ Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մթերման կետը ընդունած խաղողի դիմաց մասամբ է վճարել, մնացած ընկերությունները խաղողն ընդունելուց հետո խաղողագործներին անմիջապես վճարել են:
Ոսկան Սարգսյան
Տավուշ