ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 43-ամյա որդին` Կարեն Ղահրամանյանը, որ զբաղեցնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել: Ու սա այն դեպքում, երբ Ղահրամանյանը 1998թ. սկսած տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում, այսինքն` եղել է սովորական չինովնիկ: Իսկ վերջին 9 տարում նա էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարն է:
Ակտիվ ՀՀԿ-ական Կարեն Ղահրամանյանն ունի մեկ բնակարան եւ Mercedes-Benz 320 E մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 19.5 մլն դրամ, 85 հազար դոլար, 45 հազար եվրո: Մինչդեռ նրա՝ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը կազմել է ամսական 240 հազար դրամ: