Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարն օծվեց Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ:
Խաչքարի օծումից հետո բազմաթիվ ներկաներ մեկնեցին Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցի` հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը: Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Քյոլնի քաղաքապետի տեղակալ Էլֆի Շո-Անդվերպեսը, Քյոլնի ՔԴՄ խմբակցության ղեկավար Բեռնդ Պետելքաուն և Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի պատգամավոր Բերիվան Այմազը:
Ելույթ ունեցողները կարևորեցին խաչքարի տեղադրումը և նշեցին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Գերմանիայի հիշողության քաղաքականության մաս է:
Տեղեկանք․Խաչքարը կանգնեցվել է Պետերբուրգից հայ բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով: