Թաթան եռում էր, իր տեղը չէր գտնում, ուստի որոշեց երգ նվիրել ժողովրդական պայքարի մասնակիցներին. Մուրզո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երկրի ներքաղաքական վիճակի, ԱՄՆ գնալու եւ Թաթայի՝ հեղափոխությանը նվիրված երգի ստեղծման մասին զրուցել է երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանի (Մուրզո) հետ։

-Արա, գիտենք, որ վերջին ամիսներին Հայաստանում եք. փաստորեն, ականատես եղաք թավշյա հեղափոխության ընթացքին։ Ի՞նչ տպավորություններ ունեք։

-Տրամադրության փոփոխություն, իհարկե, եղավ։ Երկար տարիներ մեր ազգն այսքան համախմբված եւ միահամուռ չէր գործել, մեկ ընդհանուր գաղափարով չէր ապրել։ Այդքան ուրախացած հայ տեսնելն իսկապես ուրախալի էր, հատկապես երեխաներ տեսնելը։ Ոգեւորիչ է, որ այս պրոցեսներում մեծ եւ որոշիչ դեր խաղաց երիտասարդությունը։ Իմ սերնդի ներկայացուցիչները չէին կարող պատկերացնել, որ նրանք այս տարիների ընթացքում այդքան աճել են, որ մեր մտածելակերպերի մեջ այսքան մեծ տարբերություն կա։ Մեր երիտասարդները մեզ նվիրեցին մեր ապագան։

-Դուք էլի Միացյալ Նահանգներ կգնա՞ք, թե՞ արդեն իրադարձություններից ելնելով՝ կմնաք հայրենիքում։

-Ես երբեք էլ մշտական ԱՄՆ-ում չեմ ապրել, միշտ գնացել-եկել եմ Հայաստան եւ ԱՄՆ։ Հավասարաչափ ապրել եմ երկու երկրներում էլ։

-Գիտենք, որ Դուք ներկա եք եղել Թաթայի՝ հեղափոխությանը նվիրված երգի ստեղծմանը։ Կպատմե՞ք ընթացքի մասին, ինչպե՞ս որոշվեց անդրադարձ կատարել այս թեմային։

-Թաթան, միշտ լինելով ժողովրդի կողքին, չէր կարող իրեն զերծ պահել այս թոհուբոհից։ Մենք նկատում էինք, որ նա, երիտասարդների պայքարը տեսնելով, եռում էր, իր տեղը չէր գտնում, ուզում էր անընդհատ իրադարձություններին ինչ-որ կերպ ներկա լինել, ուստի որոշեց այդ երգը նվիրել ցուցարարներին, դա էլ հայրենասիրության իր դրսեւորումն էր։ Նա տեղում ստեղծեց ե՛ւ տեքստը, ե՛ւ երաժշտությունը, ու շատ օպերատիվ կերպով իր երաժշտական նվերն արեց թավշյա հեղափոխությանը։

-Իսկ կպատկերացնեի՞ք, որ այդ երգը կդառնար հիթային, այդքան մեծ տարածում կգտներ։

-Թաթան միշտ էլ ճիշտ պահին հայտնվել է ճիշտ տեղում, ուստի այս արդյունքն էլ սպասելի էր։ Նա այն եզակիներից է, որոնք իրենց երգը սրտաբուխ են ստեղծում։ Թաթան այս բնույթի երգ առաջին անգամ էր կատարում։ Բայց իրավիճակը դարձավ թելադրող։ Ո՞նց կարող ես ունենալ ապրումներ եւ չսնվես դրանցից։

-Հիմա վերածնված քաղաքացին իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի։

-Քաղաքացին այս անգամ չպետք է խանգարի իշխանությանը կատարելու իր աշխատանքը, հատկապես, եթե ի սկզբանե վստահել է նրան։ Նա խոհեմություն եւ համբերություն պետք է ցուցաբերի, որը դրսեւորել է հեղափոխության ժամանակ։ Մենք ամեն մեկս մեր մեջ պետք է փայփայենք այն գաղափարը, հանուն որի ի սկզբանե պայքարել ենք։ Կարեւորն այն է, որ ամբողջ աշխարհին ցույց տվեցինք՝ մենք ով ենք, ինչպես ենք հասնում մեր նպատակին եւ որքան սիրով ենք լցված միմյանց հանդեպ։

-Մեր նախորդ զրույցների ընթացքում Դուք խոսում էիք երկրի անմխիթար վիճակի, մի շարք խնդիրների մասին։ Հիմա, երբ իրավիճակ է փոխվել, Ձեզ մոտ հույս արթնացե՞լ է, որ կարող են դրական տեղաշարժեր գրանցվել։

-Միանշանակ, հույս կա, որ լավ կլինի։ Այս անգամ արդեն իշխանությունը ստեղծվել է ժողովրդի ձեռքերով, այն մարդկանց ջանքերով, որոնք տասնյակ տարիներով սիրել են մեր երկիրը եւ հիմա արդեն նորովի են սիրում։ Մենք երբեւէ այսպիսին չենք եղել։ Կարծում եմ՝ պետք է շարունակենք լսել երիտասարդներին, չպետք է մոռանալ, որ ունենք կրտսեր սերունդ, որն օժտված է առաջադեմ մտքերով։ Պետք է կարողանանք լսել նրանց եւ հաճախ էլ կատարել նրանց ասածները։ Սա է իմ եզրակացությունը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս