Մինչ նոր կառավարությունը խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, դեռեւս մեկ տարի առաջ ընտրություններին ընտրակեղծարարության դիմած անձինք դատարաններում կռիվ են տալիս: 2017 թվականի ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրություններին ընտրակեղծիքի համար կալանավորված Դավիթ Սիմոնյանի գործով վճիռը հրապարակվել է:
Հիշեցնենք, որ նա ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով եղբոր` Գոռ Սիմոնյանի հետ այցելել է Երեւան քաղաքի Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամաս եւ այնտեղ վերցնելով եղբոր անձնագիրը` գրանցվել է ընտրողների ցուցակում եւ քվեարկել նրա փոխարեն: Մայիսի 7-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է նրան ազատազրկման դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով և 300 հազար դրամ տուգանք նշանակել: Սակայն նկատենք, որ ընտրակեղծիքի համար դատապարտված Սիմոնյանը համաձայն չէ այս որոշման հետ, բողոքարկել է այն ՀՀ վերաքննիչ դատարանում` պահանջելով արդարացնել իրեն: