Սիրահարված էի ուսուցչուհուս, անգամ գողացել էի նրա շարֆը. Սուրեն Շահվերդյանը՝ իրենից 15 տարով մեծ սիրո մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնիների անձնական կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագների, խոսում ենք առաջին սիրո բերած զգացողությունների մասին: Այս անգամ մեր զրուցակիցը բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն է: Նա պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է երրորդ դասարանում իր հայոց լեզվի երիտասարդ ուսուցչուհուն. «Նա բեմադրել էր «Գիքորը», եւ ես հենց Գիքոր էի խաղում: Լինում էին դեպքեր, երբ ներկայացման փորձերն իրենց տանն էինք անում: Մի օր էլ թաքուն կախիչից գողացա նրա շարֆը: Դրանից հոտ էի քաշում, եւ ինձ թվում էր, թե ուսուցչուհիս ինձ հետ է»,-հիշեց Սուրենը:

Նրա կարծիքով՝ ուսուցչուհին կռահում էր իր զգացմունքների մասին, քանի որ նա էլ իր հերթին առանձնակի ուշադիր էր Սուրենի նկատմամբ. «Ծնողներս իմ սիրո մասին իմացան ավելի ուշ եւ ասացին. «Լավ պրծանք, որ այդ ամենը չի լրջացել»: Դե նրանք դժվար թե ցանկանային, որ իրենց հարսը իրենց որդուց 15 տարով մեծ լիներ»,-ծիծաղելով ասաց բեմադրիչը:

Ի դեպ, Սա Սուրենի դպրոցական կյանքի միակ ինտրիգը չէ: Նրա խոսքով՝ երբ յոթերորդ դասարան էր, բոլորը գիտեին, որ ինքն «ամուսնացած է» Յանա անունով դասընկերուհու հետ. «Իհարկե դա անլուրջ, բայց հետաքրքիր խաղ էր»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նրա համոզմամբ՝ ոչ մի սեր երբեք չի մոռացվում, կլինի դա առաջին սեր, թե երկրորդ կամ երրորդ. «Կարծում եմ՝ սերն ապրում է մարդու մեջ, եւ մարդն ուղղորդում է այն ինչ-որ տեղ»,-նկատեց Սուրենը:

Հարցին, թե հաճախ սիրահարվող, թե միասեր տեսակ է, բեմադրիչը պատասխանեց. «Բարդ հարց է: Կարող եմ միայն ասել, որ մարդն առանց սիրո չի կարող ապրել, եթե չի սիրում, ամեն բան անիմաստ է»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս