«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասան Արթուր Հակոբյանը: Մենք բացահայտել ենք նրա էությանը բնորոշ գծերը, դերասանը կատարել է նաեւ հետաքրքիր խոստովանություններ: Մեր զրուցակիցը նշել է, թե ինչով է ինքն այսօր հարուստ եւ ինչն է իրեն պակասում: Նա ասել է, թե ինչի համար է զղջում եւ ում է անվերապահորեն վստահում:
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր մանկության ամենաջերմ հուշը կապված է…
-Ծննդավայր Գյումրու, մեր բակի հետ: Մեր հարեւանները շատ լավն էին, միասին կարծես մի տուն լինեինք: Հիմա մարդիկ նույնը չեն, շատ տներ վաճառվել են, իրավիճակ է փոխվել:
-Ձեր ամենասիրելի տոնը:
-Ամանորի գիշերը:
-Տնից դուրս գալիս միշտ մոռանում եք Ձեզ հետ վերցնել…
-Միշտ չէ, բայց երբեմն՝ բջջային հեռախոսս:
-Բեմի մարդու համար ամենակարեւոր բանը…
-Աստծո կողմից տրված շնորհն է, տաղանդը: Եթե դա կա, նա կարժանանա նաեւ մարդկանց ծափահարություններին:
-Բնավորության մի գիծ, որը Ձեզ պակասում է, բայց կցանկանայիք դրանով օժտված լինել:
-Համբերատարությունը:
-Փոքր տարիքում ինքնամոռաց սիրահարված էիք…
-Դեռ չորս տարեկանից՝ մանկապարտեզի տարիքից, ունեի սիրած աղջիկ (ծիծաղում է):
-Եթե ոչ Հայաստանում, որտե՞ղ կցանկանայիք ապրել:
-Փարիզն է իմ քաղաքը: Այնտեղ երկու անգամ եղել եմ, դա, իսկապես, ուրիշ աշխարհ է: Ընդ որում` ես ոչ թե Ֆրանսիայի անունն եմ տալիս, այլ միայն Փարիզի: Բնականաբար, առաջնային ինձ հոգեհարազատ է Գյումրին, իսկ Երեւանն իմ սրբությունն է:
-Անվերապահորեն վստահում եք…
-Միայն որդուս: Թող մյուսներն ինձնից չնեղանան:
-Կնախընտրեիք Ձեր մտոհոգություններով կիսվել հոգեբանի՞, թե՞ քահանայի հետ:
-Իմ կյանքում եղել է շատ դժվարին փուլ, որը հաղթահարել եմ հոգեբանի օգնությամբ: Հիմա արդեն կցանկանայի լսել քահանայի խորհուրդները:
-Եթե սպորտի ոլորտում դրսեւորվեիք, կդառնայիք…
-Միանշանակ ֆուտբոլիստ: Փոքրուց խաղացել եմ: Կարծում եմ՝ ֆուտբոլը ինպրովիզացիայի թատրոն է: Բոլոր ժամանակներում երկրպագել եմ Բրազիլիային: Իհարկե, Հայաստանի հավաքականն ինձ համար առանձին միավոր է: Բայց ես անհատի երկրպագու եմ, ոչ թե թիմի:
-Տարիք, որը Ձեզ համար շրջադարձային է եղել:
-Երեսուն տարեկանը. 1992-ին ծնվեց իմ դուստրը, երկու տարի անց էլ՝ որդիս: Նրանց ծնունդն իմ կյանքում իսկապես շրջադարձային է եղել:
-Միայն մի բանի համար եք զղջում, որ…
-Ոչ թե զղջում, այլ ափսոսում եմ: Շատ այդպիսի բաներ կան… Ափսոսում եմ, որ ժամանակն անցավ, իսկ ես տուն չունեցա: Դրանից սարսափելի բան չկա: Շուտով վաթսուն տարեկան կլինեմ…
-Ֆիլմը, որն, ըստ Ձեզ, գերազանցել է սցենարին:
-«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Երեւի 160 անգամ դիտել եմ այն:
-Ձեր բնավորության ո՞ր գիծն է, որ մարդիկ տանել չեն կարողանում:
-Իմ բռնկուն բնավորությունը: Ես վայրկենապես եմ բռնկվում, ինչ մտածում եմ, մարդու երեսին միանգամից ասում եմ: Դրա համար շատ եմ տուժել, դա շատերին դուր չի գալիս: Բայց մտածել եմ՝ ավելի լավ է այդ մարդիկ ինձնից լսեն իմ կարծիքը, քան ուրիշների տեղ հասցրածը՝ խեղաթյուրած վիճակով:
-Ռի՞սկ, թե՞ զգուշավորություն:
-Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը. պահն է թելադրում: Եթե, ասենք, ռիսկի ես դիմում եւ մտնում ես փոթորկված օվկիանոս, դա հիմարության նշան է, բայց մեկ այլ պարագայում դա խիզախության նշան կարող է լինել:
-Մարդուն առաջնային դատում եք նրա…
-Խելքով: Խելքը, սովորաբար, ազնվության եւ համեստության նշան է: Իսկ խելոքի անազնիվ տեսակը ամենասարսափելին է:
-Միշտ խուսափել եք այն մարդկանցից, որոնք…
-Երկերեսանի են:
-Կյանքից ես ցանկանում եմ միայն մեկ բան…
-Որ իմ ընտանիքի անդամները առողջ լինեն, որ երեխաներս երջանիկ ապագա ունենան: Ուրիշ բան չեմ ուզում:
Աննա Բաբաջանյան