«Մեսիջներ տարբեր տեղերից ստանում ենք». ՀՀԿ-ն կսատարի՞ Արտակ Զեյնալյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած դեռ վերջնականապես չի հայտարարվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին առանձին է գնալու, սակայն գործընթացները հենց դրան են տանում, եւ արդեն ակնհայտ է, որ գոնե ավագանու ընտրությունների մասով «Ելք» դաշինքն ի վերջո փլուզվեց, եւ ի չիք դարձավ նաեւ մեկ կուսակցություն դառնալու ծրագիրը:

Իհարկե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդպիսի պահվածքը գալիս է առաջին հերթին դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, մասնավորապես նրանց նախագահներ Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի` դեռ թավշյա հեղափոխությունից առաջ որեգրած պահվածքից:

Ակնհայտ է, որ այս օրերին Էդմոն Մարուքյանն ամեն կերպ փորձում է վերականգնել «Ելք» դաշինքը, իհարկե պայքարում է միայնակ, քանի որ նա արդեն այնքան էլ միանշանակ չի ընդունվում ՔՊ-ականների կողմից: Իսկ դրա համար մի քանի պատճառներ կան:
Նախ ՔՊ-ի պայքարի մեկնարկից ի վեր Էդմոն Մարուքյանն ու իր թիմի անդամներն այնքան էլ լավ չեն վարվել գործընկերների հանդեպ, ավելին` ամեն ինչ արել են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձախողվի: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն արդեն արդարացիորեն չի վստահում Էդմոն Մարուքյանին: Եվ չնայած դրան` այս օրերին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ակտիվացել է, գրասենյակներ է բացում, համակիրներ ձեռք բերում: Օրեր առաջ այդպիսի մի գրասենյակ բացվեց Դավիթաշենում, առաջիկայում էլ սպասվում են նման գործողություններ մյուս վարչական շրջաններում: Այն, որ Էդմոն Մարուքյանը չի հաշտվում դաշինքի փլուզման հետ, ակնհայտ է դառնում նաեւ իր եւ իր կուսակցության անդամների պահվածքից եւ հանդիպումների ժամանակ տրվելիք խոստումներից:

Նախ նշենք, որ Դավիթաշեն վարչական շրջանում գրասենյակի բացման ժամանակ նկատեցինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաստառից բացի առկա է նաեւ «Ելք» դաշինքի պաստառը: Այս կերպ հենց նրանք փորձում են տպավորություն ստեղծել, թե միասին են, ոչինչ չի պատահել: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իր համակիրներին եւ նոր միացողներին թե՛ Էդմոն Մարուքյանը, թե՛ վարչության անդամները ներկայացնում են, թե դաշինքի հետ ամեն ինչ նորմալ է, իրենք դիտմամբ են առանձին գնում ընտրությունների, որպեսզի հետո ավագանու նիստում միավորվեն եւ ձայն տան Հայկ Մարությանին: Ակնհայտ է, որ այս կերպ նրանք փորձում են համակիրներ ձեռք բերել, սակայն վերը նշված պատճառներից ելնելով` պարզ է, որ Էդմոն Մարուքյանին ՔՊ-ի ներսում եւ անձամբ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի վստահում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներից ճշտել` ինչու են նման քայլեր անում, սակայն կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում պատճառաբանեց, թե նիստի է, եւ չի կարող հարցազրույց տալ, իսկ հետագայում էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Չնայած «Հանրապետություն» կուսակցության անդամները, ի դեմս` վարչության նախագահ Արամ Սարգսյանի, ավելի զուսպ են եղել եւ նույնանման պահվածք չեն ցուցաբերել, սակայն ՔՊ-ի ներսում արդեն չի ընդունվում նաեւ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփական թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել հենց Արտակ Զեյնալյանին: Ինչպես հայտնի է, ՔՊ-ի առանձին մասնակցելու դեպքում ԼՀ-ի եւ «Հանրապետություն» կուսակցությունների միասնական թեկնածուն լինելու է նա: Ի վերջո, ՀՀԿ-ականներն ու նրանց կողմնակիցները եթե չսատարեն իրենց նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ ԲՀԿ-ին, ապա կմնա միայն Արտակ Զեյնալյանը, ում հանդեպ նրանք ավելի չեզոք վերաբերմունք ունեն, եւ չի բացառվում, որ նման որոշում կայացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Հանրապետություն» կուսակցության անդամներից պարզել, թե ինչպիսի ուժեր կան, որոնց կողմից աջակցություն են զգացել: «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այս օրերին իրենք Արտակ Զեյնալյանի թեկնածության շուրջ միայն դրական կարծիքներ են ստացել: Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից Զեյնալյանին սատարելու հարցին` նա նշեց. «Քանի որ Հանրապետական կուսակցությունը որպես կառույց փլուզվել է, կուսակցության եւ խմբակցության անդամ կամ նախկին անդամ ազատ են իրենց քվեն տալու այն անձին, ում ցանկանում են: Չի բացառվում, որ պարոն Զեյնալյանի մեջ տեսնեն քաղաքապետի լուրջ թեկնածու: Չի բացառվում»: Դիտարկմանը` այդպիսի մեսիջներ արդեն ստացե՞լ եք, նա նշեց. «Մեսիջներ տարբեր տեղերից ստանում ենք, տարբեր մակարդակներով եւ ոչ միայն Հանրապետական կուսակցությունից»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս