Հայաստանում պատիժ կրող օտարերկրացիները կարտաքսվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որն առայժմ քննարկման փուլում է:  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով նախատեսվում է հնարավորություն արտաքսման որոշում կայացնել ՀՀ-ում ոչ միայն առանց թույլտվության բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների նկատմամբ, այլեւ երբ նրանք Հայաստանում քրեորեն պատժելի արարք են կատարել եւ օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են ազատազրկման ձեւով պատիժը կրելու:

Նշենք, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը իրականացնում է բաց վիզային ռեժիմով, իսկ որոշ երկրների հետ` առանց վիզային ռեժիմի, ինչի արդյունքում ազատ մուտքը հասանելի է բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների: Սակայն ըստ արդարադատության նախարարության` հենց այս հանգամանքը հանգեցնում է նաեւ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ օրենքների խախտումների, եւ հաճախ նաեւ քրեորեն պատժելի արարքներ կատարելու պատճառով վերջիններս պատիժ են կրում մեր երկրում: Մյուս կողմից` Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են: Եւ այս խնդրի լուծման նպատակով արդարադատության նախարարությունը 2013-2018թթ. ընթացքում իրենց քաղաքացիության երկրներում ՀՀ դատավճռով սահմանված հետագա պատիժը կրելու նպատակով օտարերկրյա պետություններ է փոխանցել ավելի քան 200 դատապարտյալների:

Ըստ ԱՆ-ի` դատապարտյալների փոխանցման միջազգային, ինչպես նաեւ հայաստանյան  փորձի ուսունասիրությունը ցույց է տվել, որ դատապարտյալի փոխանցման գործընթացի ավարտից հետո նրանց նկատմամբ կիրառվում են պայմանական վաղակետ ազատման, համաներման  կամ ներման ինստիտուտները, որոնց արդյունքում նշված դատապարտյալները կրկին հայտնվում են ազատության մեջ եւ հետեւաբար հնարավորություն են ստանում կրկին վերադառնալ Հայաստան:

Օրինակ` Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում այս խնդրի լուծման նպատակով ներպետական օրենսդրությամբ սահմանել են իրենց երկրներում օտարերկրացիների արտաքսման հնարավորությունը, այն դեպքում, երբ վերջիններս իրենց երկրներում կատարել են քրեորեն պատժելի արարքներ:

Իսկ այս նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն հստակեցնել արտաքսման պատճառները, այլեւ ամբողջական կարգավորել նշված հարաբերությունները` ստեղծելով Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրացիների փոխանցումից հետո վերջիններիս մուտքը Հայաստան բացառելու օրինական հիմքեր: ԱՆ-ն հույս ունի, որ այս ամենի արդյունքում հանցավորության եւ կրկնահանցագործների թիվը կնվազի:

Նկատենք, սակայն` նախարարությունը չի ներկայացրել վիճակագրություն, թե ՀՀ-ում ամենաշատը որ երկրի քաղաքացիներն են օրենք խախտել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս