ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վճռաբեկ դատարանի նախագահը` Քոչարյանի գործով հնարավոր ճնշումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Վճռաբեկ դատարանում դատավորները մասնավոր զրույցների ժամանակ թեթեւացած շունչ են քաշել` ասելով, որ գլխացավանքից ազատվեցին` Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկելով եւ այդ հարցով որոշման իրավունքը վերաքննիչին տալով:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ:

-Պարո՛ն Խունդկարյան, ինչպիսի՞ն էր դատավորների համար տարին:

-Տարին բավական լի էր դատական իշխանության համար իրադարձություններով, որովհետեւ 2018 թվականն էր, որ նշանավորվեց նոր դատական օրենսգրքի ներմուծմամբ, ինչպես նաեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունմամբ եւ կյանքի կոչելով: Ինչպես նաեւ նոր օրենսգրքերը, նոր կանոնակարգումները իրենց հետ բազմաթիվ լուծումների հետ միասին բերում են նաեւ բազմաթիվ նոր խնդիրներ:

Ես, միեւնույն ժամանակ, դատական համակարգի համար տարին կգնահատեմ խիստ արդյունավետ, քանի որ, իհարկե, դատավորների կատարած աշխատանքը գուցե եւ չի երեւում, քանի որ մենք` դատավորներս, ժամանակ չունենք խոսելու, մենք` դատավորներս, մեր աշխատանք ենք կատարում եւ մենք մեր մտքերը, զգացմուքները արտահայտում ենք դատական ակտերով: Դատավորին կաշկանդող բազմաթիվ վարքագծի կանոններ կան, որ դատավորը ինքը չի կարող յուրաքանչյուր հարցի պատասխանը տալ:

-Դուք նշեցիք, որ դատավորին կաշկանդող բազմաթիվ վարքագծի կանոններ կան, բայց դատավորներից շատերը չկաշկանդվեցին եւ համարձակ գտնվեցին: Մասնավորապես, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտարարել էր, որ համակարգի վրա ինչպես հասարակական, այնպես էլ պաշտոնյաների կողմից ճնշում կա: Դուք անձամբ` որպես դատարանի նախագահ, ճնշում զգացե՞լ եք:

-Այն, ինչ ասել է պարոն Ազարյանը, ես հարկ չեմ համարի այդ խոսքերի գնահատականը կամ վերլուծությունը տալ, դրա ճիշտ հասցեատերը կլինի հենց դատավոր Ազարյանը: Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ ճնշում գործադրելուն, մենք ունենք համապատասխան կանոնակարգ օրենսգրքով, եթե որեւէ դատավորի նկատմամբ որեւէ ճնշում է գործադրվել, դատավորը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել համապատասխան մարմնին:

-Հիմա Վճռաբեկ դատարանի նկատմամբ ճնշում եղե՞լ է, թե՞ չի եղել:

-Վճռաբեկ դատարանի նկատմամբ երբեք որեւէ ճնշում ո՛չ զգացել եմ, ո՛չ էլ կարող եմ ասել, որ այդպիսի միջոցներ ձեռնարկվել են դատավորներին ճնշելու տեսանկյունից: Մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի եւ պետք է համոզված լինի, որ դատարանները եւ դատավորները գործում են միայն սահմանադրությանը, օրենքներին համաձայն եւ իրենց ներքին համոզմունքին համապատասխան:

-«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Վճռաբեկ դատարանում դատավորների միջեւ ներքին խոսակցություն է եղել, որ իրենք ազատվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցից` գործը ուղարկելով ՀՀ վերաքննիչ դատարան. ինչպես ՀՀ վերաքննիչ դատարանը ազատել էր երկրորդ նախագահին, այնպես էլ թող տակից դուրս գա: Եղե՞լ է նման խոսակցություն:

– Չեմ կարծում, որ նման խոսակցություն կարող է եղած լինել, քանի որ յուրաքանչյուր դատարան իր լիազորությունների սահմաններում տալիս է լուծումները: Յուրաքանչյուր հանգամանքի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը կազմելուց առաջ նախ պետք է ծանոթանալ այդ դատական ակտերին, հասկանալ, թե Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը այնպիսին էր, որ բեռը իրենք իրենց վրայից գցեցին, թե ոչ:

-Ներկայումս ունենք մեկ պատկեր, որ աղմկահարույց գործեր քննած դատավորները ազատման դիմում են ցանկանում գրել եւ դուրս գալ դատական համակարգից : Օրինակ` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը չհերքեց, որ նման մտադրություն ունի, սակայն որոշումը վերջնական չէ: Նշենք, որ Մխիթար Պապոյանը քննել էր Վաչագան Ղազարյանի կալանքի հարցը եւ նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն Վճռաբեկը բեկանեց այդ որոշումը, եւ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվեց:

-Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում, թե որ դաշտում կամ որ ոլորտում ցանկություն ունի աշխատելու: Ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ տեղեկատվություն չունեմ:

-Դուք գո՞հ եք Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունից:

-Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է դատարանների անկախությունը երաշխավորելուն, ինքը անկախ պետական մարմին է, որը լիարժեքորեն անցել է իր պարտականությունների կատարմանը 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, եւ ինչպես ցանկացած նորաստեղծ մարմին, Բարձրագույն դատական խորհուրդին, իմ կարծիքով, ժամանակ է պետք` ընկնի իր տեղը:

-Դատավորները ասում են, որ Գագիկ Հարությունյանը բոլորին իր բռի մեջ է ցանկանում հավաքել, իրեն ենթարկեցնել:

-Ես նման վտանգ չեմ կարող տեսնել, եթե որեւէ մարմին որեւէ ցանկություն ունի ինչ-որ մեկին իր բռունցքների մեջ հավաքել, դա կկարողանա անել այնքան ժամանակ, ինչքան թույլ կտա դիմացի կողմը, իսկ այդպիսի բան ես չեմ տեսնում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս