ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը համացանցում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը մանկավարժական էթիկայի կանոնները խախտելու եւ սուտ տեղեկատվություն հաղորդելու համար այդ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Սիմոնյանին հայտարարել է գրավոր նկատողություն:
Ա. Բախշյանը գրել է. «Խնդրեմ, օրինակ, թե ինչպես է Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն օգտագործում «էթիկայի կանոններն» այն ուսուցչի դեմ, ով, ըստ ուսուցչուհու, հունվարի 8-ին զանգահարել է սանէպիդկայան ու հայտնել, որ դպրոցում ցուրտ է, ջերմաչափեր չկան դասասենյակներում, որտեղից զանգահարել են տնօրենին, տնօրենն իմացել է, թե ով է զանգահարել: Բոլորս հիշում ենք հունվարի սկզբին ԿԳ նախարարի հորդորը, որ դպրոցներն ապահովեն տաքությամբ: Արդյունքում հետին թվով` փետրվարի 5-ին, ուսուցչուհուն ծանուցել է այս նկատողության մասին, որտեղ չկա հղում ԱՕ-ի վրա: Ինչպե՞ս է այս տնօրենը հավաստագիր ստացել, եթե հանձնել է քննություն ու այսօր «նկատողություն» է տալիս մանկավարժին` հղում անելով վերոնշյալ փաստաթղթի վրա, որն իրավական ուժ չունի»:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին: Նա հայտնեց, որ ինքը տեղյակ է խնդրին, զրուցել է Դեբեդավանի դպրոցի տնօրեն Մ. Հարությունյանի հետ: Բացի այդ, մարզպետարանի ներկայացուցիչը զրուցել է այդ դպրոցի ուսմասվար Լուսինե Գեւորգյանի հետ:
Գեւորգյանն, ի դեպ, տնօրենի գործունեությունը քննադատող դպրոցի ուսուցիչների խմբում է: Դպրոցի տնօրենն ասել է, որ այդ օրը դպրոցում նորմալ ջերմաստիճան է եղել, ուսմասվարը պնդել է, որ այն եղել է ցածր` +12 աստիճան: Այդ ժամանակ Դեբեդավանի դպրոցում մի քանի ջերմաչափ էր տեղադրված, հիմա բոլոր դասասենյակներում կան ջերմաչափեր: Մ.Ղազումյանն ասաց, որ դպրոցի տնօրենն իրավունք չուներ նման իրավական հիմնավորմամբ ուսուցչուհուն նկատողություն հայտարարելու, այդ դպրոցում վաղուց խնդիրներ կան, աշխատակիցների մի խումբ տնօրենի հանդեպ ընդդիմություն է, կա միջանձնային հարաբերությունների խնդիր: Ղազումյանը հայտնեց, որ մտադիր են առաջիկայում Դեբեդավանի դպրոցում ուսումնասիրություններ կատարել, առկա խնդիրներին իրավական լուծում տալ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ