Տավուշի մարզպետի տեղակալը պետբյուջեի հաշվին օգնություններ է բաժանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-ին Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը որոշել է պետական բյուջեի միջոցներից սոցիալական աջակցության նպատակով 54 քաղաքացիների միանվագ դրամական օգնություն հատկացնել ընդհանուր 1 միլիոն 870 հազար դրամի չափով:

Այդ որոշումը եւ դրա հավելվածը զետեղված են Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում: Այդ 54 քաղաքացիներին աջակցության գումարները տրվել են 10-50 հազար դրամի չափով: 2018թ. դեկտեմբերի վերջին Տավուշի արդեն նախկին մարզպետ Վահե Ղալումյանը ընդունել է 3 որոշում, որով ֆինանսական աջակցության համար դիմած քաղաքացիներին դրամական օգնություն է ցուցաբերվել:

Այդ 3 որոշումներով մարզի սոցիալապես անապահով 352 քաղաքացիներին հատկացվել է 37 միլիոն 525 հազար դրամ: Եթե փետրվարի 4-ի որոշմամբ սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին տրվել է առավելագույնը 50 հազար դրամ, ապա նախորդ տարեվերջին քաղաքացիներին մեծ չափի գումարներ են տրվել` 500 հազար դրամ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս