Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին: Այդ համաժողովին մասնակցել են նաեւ մարզպետներ, քաղաքապետեր, գյուղապետեր եւ այլ պաշտոնյաներ:
Հետաքրքիր է, որ համաժողովին ներկա չէին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, այնինչ մյուս բոլոր մարզպետները մեկ մարդու նման ներկա էին միջոցառմանը:
«ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանին` պարզելու համար, թե ինչու մարզպետները չեն մասնակցել:
Նախ նշենք, որ Արմինեն մեզ հետ զրույցում նշեց, թե մարզպետների ներկայությունը պարտադիր չէր, եւ նրանք եկել են իրենց հայեցողությամբ: «Գեղարքունիքի մարզպետը Հայաստանում չէ, իսկ Սյունիքի մարզպետը պետք է նախօրեին գար, սակայն փլուզում է եղել մարզում, եւ նա մնացել է այնտեղ»,- նշեց նա` հավելելով, թե համայնքների բոլոր ղեկավարները մասնակցել են: