ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախկին համարներից մեկում տեղեկացրել էր, որ Արցախում արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, որոնք, ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը:

Ամենաշատ քննարկված հավանական թեկնածունները ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանն են: Իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն է հայտնել Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հիշեցնենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձեւավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի միակ փրկությունը եւ նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահամանդրական խոչընդոտի: Բանն այն է, որ համաձայն Արցախի Սահմանադրության հոդված 48-ի 2-րդ կետի` «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, Արցախի նախագահի թեկնածուների անուններ են շրջանառվում: Այս մասով ի՞նչ տրամադրություններ կան Արցախում:
-Շատ սովորական: Ճիշտ է, խոսվել է այդ մասին, բայց պաշտոնական որեւէ բան չկա: Եվ հիմա էլ շուտ է այդ մասին խոսելու համար: Բայց, օրինակ, «Ազատ հայրենիք» կուսակցությունը հայտարարել է իր առաջնորդին սատարելու մասին: Կոնկրետ այլ քաղաքացիներ դեռեւս չեն հայտարարել այն մասին, որ մտադիր են պայքարել:
-Օրինակ` շրջանառվում են Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի անունները:
-Արայիկ Հարությունյանի մասով իր կուսակցությունը հայտնել է: Վիտալի Բալասանյանը ասել է, որ կարող է առաջադրվել, բայց դա էլ վերջնական չէ, ամեն դեպքում:
-Հիմա ամենաշատը, թերեւս, Սամվել Բաբայանի անունն է շրջանառվում: Նա մեզ հետ զրույցում, ըստ էության, ասաց, որ առաջարկի է սպասում Արցախի ժողովրդի կողմից: Արցախում ինչպիսի՞ն է իր գործոնը: Ինքը ի՞նչ ազդեցություն ունի քաղաքական դաշտի վրա:
-Ազդեցությունը լայն հասկացություն է: Դա կարող է որոշվել միայն քվեների տեսքով համապատասխան քվեարկության ժամանակ: Եթե ինքը օրենքի սահմաններում մասնակցի, պարզ կդառնա ամեն ինչ: Ամեն ինչ պետք է լինի` ըստ օրենքի, էստեղ որեւէ խտրականություն չկա: Չպետք է լինի արտոնություններ` այս կամ այն մարդու հետ կապված: Հետեւաբար, ով ինչպիսի ռեյտինգ ունի, ինչքան ձայներ կարող է հավաքել, ցույց կտա քվեարկությունը:
-Ամեն դեպքում, ժողովրդի տրամադրությունները նկատելի չե՞ն հիմա:
-Մինչեւ ընտրությունները 15 ամիս կա: Նորմալ է, որ ժողովուրդը ակտիվանում է: Ամեն մի քաղաքական գործչի հետեւորդներ փորձում են իրենց թեկնածուին, իրենց համար նախընտրելի քաղաքական գործչին գովազդել: Շատ բնական է, դա բոլոր տեղերում էլ կա: Եւ սա բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը:
-Բակո Սահակյանը ասել է, որ չի առաջադրվելու: Այնուամենայնիվ, ասում են` Արցախում նա շատ համախոհներ ունի` որպես հասանելի եւ հասարակ նախագահ: Հնարավո՞ր է, որ նա մտափոխվի եւ որոշի կրկին առաջադրվել:
-Ինքը հայտարարել է, որ չի մասնակցելու: Դա վերջնական որոշում է:
-Սամվել Բաբայանը սահմանադրական արգելքի է բախվել: Ըստ Արցախի հանրապետության սահմանադրության` նախագահի թեկնածու առաջադրվելու պայմաններից մեկն էլ այն է, որ թեկնածուն վերջին 10 տարիների ընթացքում պիտի բնակված լինի Արցախի Հանրապետությունում: Հնարավո՞ր է սահմանադրությունը փոխվի:
-Ինչքան գիտեմ, կա սահամանադրական կարգ, թե ինչ փոփոխություններ կարելի է մտցնել: Այդ ամենը պետք է պարզապես իրավապահների, սահմանադրագետների հետ ճշտվի, եւ տեսնեն` ինչպիսի մեխանիզմներ կան:
-Այսինքն չե՞ք բացառում, որ նման բան կլինի:
-Պետք է օրենքը նայել եւ, ըստ օրենքի, տեսնել ինչ` փոփոխություններ կարելի է մտցել, ինչ ժամկետներում, ինչ է անհրաժեշտ դրա համար: Էնտեղ կան ձայներ, ինչ-որ մինիմում թվաքականակ կա մարդկանց, որոնք պետք է կողմ արտահայտվեն: Ազգային ժողովի հետ էլ կապված ինչ-որ բաներ կան: Մի խոսքով, դա իրավական պրոցես է: Կոնկրետ չեմ կարող այդպես պատասխանել, բայց այդպիսի ձեւ եւ հնարավորություն կա, որը թույլ կտա փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ: Ինչքան գիտեմ, հանրաքվեով է լինում, բայց դրա համար էլ պետք է ինչ-որ փուլեր անցնեն:
-Այսինքն` միայն մեկ անձի համար այդպիսի բան կլինի՞:
-Խնդիրը անձը չէ: Ինքը, ինչքան գիտեմ, ուզում է, որ փոփոխություն մտնի այդ 10 տարվա հետ կապված, որ այնուհետեւ հնարավորություն ունենա մասնակցելու:
-Ամեն դեպքում, այս պարագայում ստացվում է, որ դա կլինի իր օգուտի համար:
-Միգուցե 10 տարի հետո մեկ ուրիշն էլ կարողանա օգտվել դրանից: Ես չգիտեմ: Դա ընդամենը առաջարկ է, եւ չի նշանակում, որ 100 տոկոսով նման բան կլինի: Կարող է ժողովուրդը ուզել, կարող է չուզել: Չենք կարող հստակ ասել:
-Սամվել Բաբայանի կողմից ինչ-որ առաջարկներ կամ ակնարկներ եղե՞լ են այդ հարցի հետ կապված:
-Ինքը հայտարարել է չէ՞, որ ուզում է ինչ-որ քայլեր կատարել:
-Բայց նաեւ հայտարարել է, որ դեռ չի ուզում խառնվել եւ ինչ-որ առաջարկի է սպասում:
-Այդ մասով չեմ կարող ոչինչ ասել:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

«ՄԵՌԵԼԱԾԻՆ» ԿԱՌՈՒՅՑԻ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

Թերեւս հանրության փոքր մասն է միայն հիշում, որ գոյություն ունի Հանրային խորհուրդ, իսկ կառավարությունն էլ իր հերթին հազվադեպ է ականջալուր լինում նրանց «խորհուրդներին»:

Նախ նշենք, որ դեռեւս 2018 թվականի փետրվարի 7-ին փոխվել է «Հանրային խորհրդի մասին օրենքը», եւ նույնիսկ օրենսդրությամբ ֆիքսվել է, որ այն կարող է որոշումներ ընդունել, սակայն ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ խորհրդատվական բնույթ ունեն: Եվ հետաքրքիր է, որ այդ ժամանակ այս մարմնի գործունեությունը խորհրդարանում բուռն քննարկման արժանացավ. այն անվանեցին մեռելածին կառույց, ասացին, որ այսքան տարի նրանց խորհուրդներն օրվա իշխանությունները չեն լսել, քանի որ նրանց խորհուրդ պետք չէ, հետեւաբար անիմաստ է ՀՀ պետական բյուջեից այդքան գումար տրամադրելն այդ կառույցին:
Սակայն նախորդ տարվա դեկտեմբերին վերջնականապես ձեւավորվել է Հանրային խորհրդի ամբողջական կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց ուսումնասիրել, թե հետհեղափոխական իրավիճակում ինչ գործունեություն է ծավալել այս կառույցը, եւ արդյոք որեւէ արդյունք արձանագրվել է, թե ոչ:
Նախ՝ պաշտոնական հաղորդագրություններն ուսումնասիրելիս պարզեցինք՝ խորհուրդը բավական հաճախ է նիստեր գումարում, ինչ-որ հարցեր քննարկում: Անգամ փետրվարի 5-ին քննարկում են ունեցել Քարահունջի թեմայով եւ որոշում կայացրել առաջարկների փաստաթուղթ ստեղծել, որը պետք է ներկայացվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այլ հարց է, թե որքանով վարչապետն ու նրա թիմը կընդունեն այդ առաջարկները:
Օրինակ` Հանրային խորհրդի հունվարի 11-ի անդրանիկ նիստում տեղի ունեցած քննարկումներից հետո տարածած հաղորդագրության մեջ հանդիպում ենք մի այսպիսի հատվածի. «Անցումային այս ժամանակաշրջանում, երբ ձեւավորվել է նոր կառավարություն, նոր խորհրդարան, տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ, ճիշտ կլինի զերծ մնալ կտրուկ փոփոխություններից, որոնք կարող են ցնցումներ առաջացնել կառավարման համակարգում»:
Ահա, ինչպես տեսնում եք, կառավարության կառուցվածքի մասին Հանրային խորհուրդն իր խորհուրդն է տվել, բայց կառավարությունը վարվել է իր ցանկացածի պես, եւ արդեն երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ ասել է, որ նախարարությունները կլինեն 12-ը: Նաեւ հրապարակվել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Փաստորեն, կառավարությունն ու իշխանությունները որդեգրել են օպտիմալացումների, տարատեսակ ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ները փակելու ռազմավարություն, եւ այս տեսանկյունից թերեւս պետք է քննարկման թեմա դառնա կա՛մ Հանրային խորհրդի կառույցի գործառույթների վերանայումը, որպեսզի այն միայն չդառնա զուտ խորհրդատվական մարմին, կա՛մ էլ այն պետք է արժանանա այդ նույն ԾԻԳ-երի կամ ՊՈԱԿ-ների ճակատագրին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՆԻՄԱՍՏ ԱՂՄՈՒԿ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ հայտարարել է, թե Սիրիա հայկական զորախումբ ուղարկվել է առանց միջպետական պայմանագրի, սակայն Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դա զորախումբ չի եղել, այլ ընդամենը հումանիտար առաքելության խումբ: «Սիրիա ուղարկված հումանիտար առաքելության խմբի հետ կապված իրավական բոլոր փաստաթղթերը կան: Բոլոր փաստաթղթերն ու իրավական հիմքերը նորմալ են: Ըստ անհրաժեշտության` դրա մասով կտրվի համապատասխան բացատրություն»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցրինք` ինչպե՞ս են երաշխավորվել մեր զինվորականների իրավունքները, նա նշեց. «Բոլոր իրավական հիմքերով»:

 

 

ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՍՏԱՑԱԾԸ
ՀՀ սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը չի ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Հուսանք` չի մոռացել: Փոխարենը ներկայացված է 2017 թվականի հայտարարագիրը, երբ նա զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Ի դեպ, վատ ձեռքբերումներ չի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականին նա բավականին էժան գներով հողամասեր է ձեռք բերել: Թե ինչպես է դա նրան հաջողվել, հայտնի չէ: Այսպես, նա երկու հողամաս է գնել` մեկը` 317 հազար 900 դրամով, մյուսը` 527 հազար դրամով: Բացի այս, 2017 թվականին նա հողին ամրակայված երկու անշարժ գույք է գնել` մեկը` 70 հազար 200 դրամով, մյուսը` 6 հազար դրամով: Դատարանի նախագահի դրամական միջոցները կազմել են 22.5 մլն դրամ եւ 9500 դոլար: Գարիկ Ավագյանի ընդհանուր եկամուտը 2017 թվականին կազմել է 59 մլն 869 հազար դրամ. մոտ 680 հազար դրամ կազմել է Ավագյանի ամսական աշխատավարձը, 2 մլն 720 հազար դրամի «այլ եկամուտ» է ունեցել. թե ինչից, պարզ չէ: Իսկ ստացած փոխառությունը կազմել է 49 մլն դրամ: Նշենք, որ ՀՀ Սնանկության դատարանը գործում է այս տարվա հունվարի 1-ից: Գարիկ Ավագյանի` Սնանկության դատարանի նախագահ ընտրվելը որոշ դատավորների կողմից չընդունվեց:

 

 

ԲՈՂՈՔԵԼ Է
Համաներման գործընթացի շուրջ դատապարտյալների բողոքի ալիքը նոր թափ է առնում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովհաննես Կարապետյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին` իր նկատմամբ 2018թ. նոյեմբերին ընդունված համաներման օրենքը կիրառեն: ՈՒ Կարապետյանը պահանջում է, որ ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով 3 տարի ժամկետով նշանակված ազատազրկման ձեւով պատժից իրեն ազատեն: Նկատենք, որ Հովհաննես Կարապետյանը մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ:




Լրահոս