ՀԻՄՆԱԴՐԱՄ՝ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վերջին նիստում, գործադիրի որոշմամբ, պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին հատկացվեց 347 մլն 522 հազար դրամ՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չեն եղել։ Նրանց մի մասն իրենց առաջարկությամբ հրաժարվել է հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից եւ ներկայացուցչական այլ ծախսերից։

ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել, եւ այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Այժմ, սակայն, երբ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետբյուջեից ապահովելու անհրաժեշտությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստի ժամանակ նշել է. «Պետք է խոստովանել, որ բավական տարօրինակ իրավիճակ է, որովհետեւ տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ: Այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը եւ ամեն ինչը պատկանում է մի կոնկրետ մարդու, բայց նրանք հանդես են գալիս պետության անունից, եւ պետական ֆինանսավորում չկա: Սա, ըստ էության, շատ տարօրինակ իրավիճակ է` անկախ նրանից, թե ով է դեսպանը, եւ բազմաթիվ հարցեր է ծագում: Եվ, կարծում եմ, բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելը նաեւ օրակարգային է այսօր Հայաստանի Հանրապետության համար»:
Նկատենք, որ այս թեման միշտ էլ եղել է քննարկումների օրակարգում: Ըստ էության, հատկապես Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին դեսպանի պաշտոնը դարձրել էր լավագույն նվերը որեւէ պաշտոնյայի աշխատանքից ազատելուց հետո: Նա սովորաբար պատվավոր թոշակի էր ուղարկում՝ դեսպան դարձնելով. այդպես եղավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում, որը հրաժարականից որոշ ժամանակ անց նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, հետո էլ` ԵԱՏՄ-ում կոլեգիայի ղեկավար: Գործարարներին եւ քիչ թե շատ մեծահարուստներին դեսպանի կամ հյուպատոսի պաշտոններում նշանակելը եւս պատահական չէր. դա, մի կողմից, լավություն էր նրանց, մյուս կողմից էլ` այդպես դեսպանատներ էին պահվում: Ի դեպ, հենց այդ նպատակով էլ դեռ 2009թ. մարտին ստեղծվել է «Արտաքին հարաբերությունների աջակցության հիմնադրամ», որի պաշտոնական հասցեն ԱԳՆ-ի հասցեն է՝ Վազգեն Սարգսյան 3, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն էլ այն ժամանակվա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու նրա տեղակալներն էին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Արտաքին հարաբերությունների աջակցության հիմնադրամն» այս տարիներին կոնկրետ դեսպանատների եւ հյուպատոսարանների որոշակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: Հետաքրքիրն այն է, որ այդ հիմնադրամի միջոցները գոյացել են հիմնականում այն ընկերությունների նվիրատվություններից, որոնց սեփականատերերը դեսպաններ ու հյուպաստոսներ են, եւ գումարներն ուղղվել են հենց այդ անձանց գլխավորած դեսպանատներ ու հյուպատոսարաններ. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշի, Սերժ Սարգսյանի փեսա՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ու այլոց դեպքում հենց այդպես է եղել:
Եւ, այսպես, 2015թ. այս հիմնադրամ տարբեր դեսպանների ու հյուպատոսների անվան հետ առնչվող ըկերություններից մուտք է եղել 711 մլն 131.4 հազար դրամ: Այդ գումարից Դանիայում ՀՀ դեսպանության պահպանման համար ուղղվել է 77,8 մլն դրամ, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության պահպանման համար` 114 մլն դրամ, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատեսության պահպանման համար` 83,4 մլն դրամ, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության պահպանման համար` 235,2 մլն դրամ, ու վերջապես ԱԳՆ ընթացիկ ծրագրերի համար տրվել է 19.6 մլն դրամ:
2016 թվականին հիմնադրամին «Դար» հիմնադրամից Դանիայում ՀՀ դեսպանության պահպանման համար փոխանցվել է 47,1 մլն դրամ: «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ից Իտալիայում ՀՀ դեսպանության լրացուցիչ ֆինանսավորման համար փոխանցվել է 6,8 մլն դրամ, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանատան պահպանման համար` 38 մլն դրամ: Նույն թվին Վարդան Սիրմաքեշի կողմից Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության պահպանման համար փոխանցվել է 43,6 մլն դրամ, իսկ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության լրացուցիչ ֆինանսավորման համար` 16,7 մլն դրամ: «Մաքսիմուս օվերեսիզ լիմիթեդ» ՍՊԸ-ից Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության պահպանման համար տրամադրվել է 53,4 մլն դրամ, ԱԳՆ ընթացիկ ծրագրերի համար էլ ծախսվել է 63.3 մլն դրամ:
2017 թվականին Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսներից 94 մլն դրամ է փոխանցվել ՀՀ արտաքին գործերի նախարարության ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար: Նույն թվականին «Սարտիս ՍՌԼ»-ից Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության պահպանման համար փոխանցվել է 44,3 մլն դրամ, «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ից Իտալիայում ՀՀ դեսպանության լրացուցիչ ֆինանսավորման համար փոխանցվել է 19,9 մլն հազար դրամ գումար, «Մաքսիմուս օվերեսիզ լիմիթեդ» ՍՊԸ-ից Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության պահպանման համար կրկին փոխանցվել է գումար` 81,5 մլն դրամի չափով: 2017թ.-ին «Դար» հիմնադրամից Դանիայում ՀՀ դեսպանության պահպանման համար փոխանցվել է 42,2մլն դրամ, ԱԳՆ ընթացիկ ծրագրերի համար տրվել է 38.8 մլն դրամ:
Ի դեպ, նկատենք որ այս հիմնադրամը հիմա էլ է գործում: «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկացավ հիմնադրամի տնօրեն Արմենուհի Գալստյանից:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
2018թ. նոյեմբերի 26-ին Դիլիջանի համայնքապետարանը հայցադիմում է ներկայացրել Իջեւանում գրանցված «Դավիթ» ՍՊԸ-ի դեմ` հողամասի վարձակալության մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, պայմանագրի հիման վրա տրված վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու եւ գումարի բռնագանձման պահանջների մասին: Դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ: Համայնքապետարանը հայցով դատարանին խնդրել է «Դավիթ» ՍՊԸ-ից բռնագանձել 860 հազար դրամ վարձավճար եւ հաշվարկված տույժ եւ 25 հազար 210 դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար: Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից խնդրել է, որպես հայցի ապահովման միջոց, «Դավիթ» ՍՊԸ-ի գույքի վրա արգելանք դնել. դատավորը մերժել է այդ միջնորդությունը: Այդ հայցով Իջեւան քաղաքում կայանում են նախնական դատական նիստեր:

 

 

ԱՎԱԶԻ ԽՆԴԻՐ
Տարիներ շարունակ «Կողբաքար» ՍՊԸ-ն, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարությունից ունենալով համապատասխան թույլատվություն, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշենի ենթաշրջանում Դեբեդ գետից խճաքար է արդյունահանել եւ իրացրել: Այդ ընկերությունը գործում է օրենքի շրջանակներում, գտնվում է հարկային դաշտում: ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու: Մնում է Վրաստանից գնել Հայաստանի տարածքից Դեբեդի քշած, հարեւան երկրի տարածքում կուտակված խճաքարը: 2018թ. նոյեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանի` Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ նամակ հանձնվեց նրան, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար արդյունահանելու թույլտվության հարցը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այս կապակցությամբ գրավոր դիմել է ԱԱԾ, սակայն բացասական պատասխան է ստացվել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մ. Փաշիկյանն ասաց, որ Դեբեդից ավազ արդյունահանելու կապակցությամբ 4 անգամ հանրային լսումներ են անցկացվել Այրում համայնքում, Բնապահպանության նախարարությունից առկա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) դրական եզրակացություն, որ գետից ավազի արդյունահանումից Դեբեդի հունը չի փոխվի: Փաշիկյանն ասաց, որ այդ խնդրով Այրում համայնքի ավագանին պատրաստվում է որոշում ընդունել եւ դիմել կառավարություն: Դեբեդից ավազ չհանելու պատճառով Տավուշի մարզում ճանապարհների պահպանություն եւ ընթացիկ շահագործում իրականացնող, 65 աշխատող ունեցող Նոյեմբերյանի «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ն հումքի դժվարություններ ունի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԷԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱՆ

«Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահի կողմից հանձնարարական է տրվել` Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկու ամսով երկարաձգելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները որոշել են աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել եւս երկու ամսով եւ աշխատողներին տալ նոր ծանուցումներ` համապատասխան աշխատանքային պայմանագրերը հունիսի 30-ից լուծելու մասին: Այսինքն` գործարանի աշխատողները եւս երկու ամիս աշխատավարձ կստանան:
Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը, որը շահագործում է հենց Ալավերդու պղնձաձուլական գործարանը, մշակել է հայեցակարգային պլան, եւ չի բացառվում, որ առաջիկայում գործարանը վերագործարկվի: Այսինքն` գործարանը ժամանակավոր պղինձ կարտադրի: Բացի այս, ընկերությունը դիտարկում է նաեւ նոր պղնձաձուլարան կառուցելու տարբերակը:
Նշենք, որ անցած տարվա հոկտեմբերից գործարանում ժամանակավորապես դադարեցվեցին խտանյութերի վերամշակումն ու պղնձի արտադրությունը, ինչին հաջորդեց աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատումը: Աշխատողները սկսեցին աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ ստանալ: Գործարանի ղեկավարությունը, սակայն, երկու անգամ չեղարկեց տրված ծանուցումները: Վերջին ծանուցումներով` աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատումները նախատեսվում էր իրականացնել մի քանի օրից` ապրիլի 30-ից, բայց, պարզվում է, Վ. Մեջլումյանը հանձնարարել է եւս երկու ամսով երկարաձգել պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս