Մոսկվայում ամուսինս միշտ կողքիս է, դուստրս ռուսական դպրոց է հաճախում, և ես ուրախ եմ. Թինա Քեյ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարուհի, ակրոբատ, երգչուհի Թինա Քեյը շուտով երկրպագուներին կներկայացնի «Հարսի պար» երգը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե չի վախենում արդյոք, որ ինքն էլ կասոցացվի «հարսանիք, կնունք-ծնունդի» երգիչ-երգչուհիների հետ, Թինան պատասխանեց, որ ինքը վաղուց է հանդես գալիս հարսանիքներին եւ նման բարդույթ չունի, երգն էլ գրվել է հենց կոմերցիոն նպատակով:

Հիմա Թինան բնակվում է Մոսկվայում, տարվա մեծ մասն անցկացնում է հենց այնտեղ, պարային խմբերի գլխավոր բալետմայստեր է:

Տարվա ընթացքում մի քանի ամսով լինում է նաեւ Հայաստանում: Մենք հետաքրքրվեցինք՝ դժվար չէ արդյոք համատեղել հայաստանյան եւ ռուսաստանյան կյանքը. «Այնպես է ստացվել, որ գնում-գալիս եմ, չգիտեմ՝ ինչպես, բայց հաջողվում է համատեղել գործունեությունս»,- ասաց նա: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք ամուսինն էլ է իր հետ Մոսկվայում. «Այո, նա միշտ ինձ հետ է, բացառիկ դեպքեր կարող եմ հիշել, երբ միայնակ եմ թռել Երեւան կամ Մոսկվա: Ամուսինս, ճիշտ է, իմ ոլորտից չէ, բիզնեսմեն է, բայց նա վաղուց է Մոսկվայում գործունեություն ծավալում, այնպես որ, Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելու հանգամանքը որեւէ խոչընդոտ չառաջացրեց: Նա հասկանում է իմ աշխատանքից, մշտապես թիկունքիս է եւ ոգեւորում է ինձ»,- մեկնաբանեց Թինան:

Նա հավելեց, որ թեպետ իրենց ոլորտի որոշ ներկայացուցիչներ վարկաբեկել են ոլորտը, եւ այդ հանգամանքն անդրադարձել է նաեւ իրենց` գործի նվիրյալների վրա, այնուամենայնիվ, վերջիններս, այդ թվում՝ ինքը, շարունակում են գլուխները կախ իրենց սիրելի աշխատանքն անել:

Ի դեպ, նրա դուստրն այս տարի առաջին անգամ դպրոց է գնացել հենց Մոսկվայում: Հարցին, թե դժվար չէր համակերպվել այն մտքի հետ, որ երեխան հայկական միջավայրում չի դպրոց հաճախել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտե՞ք՝ ես էլ եմ Երեւանում ռուսական դպրոց հաճախել, ռուսական կրթություն եմ ստացել եւ անչափ գոհ եմ դրա համար: Հիմա էլ դուստրս է ռուսական կրթություն ստանում, եւ ես էլի ուրախ եմ այդ կապակցությամբ: Կարծում եմ՝ ռուսական կրթությունը յուրահատուկ է. եթե նա Երեւանում դպրոց գնար, ես էլի կնախընտրեի, որ երեխաս ռուսական կրթություն ստանար»:

Անի Անտոնյան




Լրահոս