«Լիդիան Արմենիա» ընկերությունն այս տարվա երրորդ եռամսյակում դարձյալ նվազեցրել է հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ չնայած սրան` ընկերությունը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց շեշտակի նվազեցրել է հարկային վճարումները: Պարզվում է, որ «Լիդիան Արմենիա»-ն այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե կատարել է 329 մլն 584 հազար դրամի հարկային վճարումներ:
Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության վճարած հարկերն ու տուրքերը կազմել են 4 մլրդ 196 մլն 322 հազար դրամ: Մինչ կառավարությունը չի կողմնորոշվում Ամուլսարի շահագործման հարցում, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին հարկատուն դուրս գա խոշորների ցանկից:
Ի դեպ, Ամուլսարի հարցով օրեր առաջ խորհրդարանում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ հանրությունը չի լսել նախարար Էրիկ Գրիգորյանի կարծիքը: Ապա դիմելով նախարարին` խորհուրդ տվեց ասել իր կարծիքը: Սակայն պարզվեց, որ շրջակա միջավայրի նախարարը այս հարցի հետ կապված ունի երկու կարծիք` «անձնական» եւ «նախարարական»:
Այսպես, ըստ Գրիգորյանի «անձնական» կարծիքի` հանքարդյունաբերությունը ռազմավարական հեռանկարում չի կարող լինել Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկը: Ապա նկատեց, որ հիմնականում շեշտը պետք է դրվի էկոտուրիզմի եւ ՏՏ համակարգի վրա: Իսկ, ահա, «նախարարական» կարծիքի համաձայն` Հայաստանը տարբեր ժամանակներում տարբեր արտոնագրեր է տվել ընկերություններին` տարբեր հանքեր շահագործելու համար: Բայց որոշ հետազոտությունների եզրակացություններ տարբերվում են միմյանցից, եւ եթե պարզվի, որ կողմերից մեկը սխալ տվյալներ է ներկայացրել, ապա «դա կունենա իր հետeuանքները»: Բացի այս, Գրիգորյանը նույն օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է նաեւ, որ Ամուլսարի կողմից ներկայացված են գործողություններ, ծրագիր եւ ազդեցություններ, որտեղ պետական մարմինները եւ «Էլարդ»-ը անհամապատասխանություններ են տեսել:
Իսկ, ահա, հոկտեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով Ամուլսարի խնդրի մասին, կարեւոր հայտարարությամբ է հանդես եկել: Մասնավորապես, փոխվարչապետը նշել է, որ Ամուլսարի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից:
«Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ եւ ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաեւ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Հակառակ դեպքում, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք», – ասել է փոխվարչապետը:
Սյունէ Համբարձումյան