Քաղաքական որոշմամբ ինձ տարան, փակեցին, քաղաքական որոշմամբ ազատ արձակեցին. Արսեն Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 22 օր կալանավայրում լինելով՝ պատանդ է եղել իշխանությունների համար:

Բաբայանի բնորոշմամբ՝ իրեն կալանավորելը հետապնդում էր:

«Իմ դեմ իրականացվող գործողությունները ոչ իրավաչափ էին՝ սկսած իմ դեմ քրգործ հարուցելու որոշման պահից: Իմ ձերբակալությունը խայտառակ ապօրինություն էր, մանավանդ որ ձերբակալության հիմքում դրվել էր իմ՝ նախաքննական մարմնից թաքնվելը: Քաղաքական որոշմամբ տարան, փակեցին, քաղաքական որոշմամբ ազատ արձակեցին: Մտածել են՝ գուցե մի երկու օր կնստի ու խելքը գլուխը կհավաքի, բայց տեսանք՝ 22 օր նստեցի, իսկ խելքս վաղուց էր գլուխս հավաքած»,- ասաց նա:

Անդրադառնալով հոկտեմբերի 30-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Բաբայանը համաներման ցանկություն չի հայտնել՝ նա նշեց, որ չնայած համաներման մասին օրենքն իրեն ամենևին էլ չի հետաքրքրում, բայց իրեն որևէ մեկը չի էլ հարցրել՝ ուզո՞ւմ է օգտվել այդ օրենքից, թե ոչ:

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն առաջիկայում սկսելու է զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։

Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Նոյեմբերի 12-ին Բաբայանն ազատ արձակվեց: Նրա ազատության համար երաշխավորել էին «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։




Լրահոս