«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է նախաամանորյա հարցազրույցների շարք հայտնիների հետ: Մեր զրուցակիցն այս անգամ դերասանուհի Ռոզի Ավետիսովան է: Նա նշել է, թե ինչ սպասելիքներ ունի գալիք 2020 թվականից, ինչպես է նախընտրում նշել Ամանորը, ում հետ եւ ինչ նվերներ է ցանկանում ստանալ Ձմեռ պապիկից: Ռոզին ասել է, որ հայ ազգին գալիք տարում մաղթում է կայունություն, իսկ ինքն իրեն՝ ճամփորդելու հնարավորություն: Նա նաեւ խոստովանել է, որ կցանկանար 2020-ին ընգրկվել որեւէ հետաքրքիր թատերական նախագծում:
-Ռոզի՛, հավատու՞մ եք ամանորյա հրաշքին, առանձնակի կերպով սպասու՞մ եք Նոր տարվա գալստին:
-Անկեղծ ասած, երեխայի պես ամեն անգամ սպասում եմ Ամանորին եւ այդ զգացողությունը երբեք չեմ կորցնում: Ամանորի գիշերին մտքումս արդեն պահում եմ երազանքս….Մարդ պետք է միշտ հրաշքի հավատա, երազանքներ ունենա, որ կյանքը միապաղաղ չլինի, բնազդներով չառաջնորդվի, այլ ապրի հետաքրքիր ընթացք:
-2020-ին Ձմեռ պապիկից ի՞նչ նվեր եք խնդրում:
-Կուզեմ շատ ճամփորդել 2020-ին. դա ամենահաճելի նվերը կլինի:
-Իսկ նյութական, շոշափելի ի՞նչ նվեր կխնդրեք նրանից:
-Երեւի թե մեքենա: Սիրում եմ վարել, թեպետ մեքենաների հատուկ սիրահար չեմ, անգամ մակնիշները չեմ տարբերում: Դրան մեծ կարեւորություն չեմ տալիս, բայց մեքենա վարելու պրոցեսը հաճելի է. ինչ-որ բան կառավարելու զգացումն է դա:
-Ձմեռ պապիկին նամակներ գրե՞լ եք:
-Այո, անպայման, ընդ որում` ոչ միայն մանուկ հասակում եմ գրել, այլեւ մեծ տարիքում:
-Երբ մանուկ էիք, Ձմեռ պապիկը որտե՞ղ էր դնում նվերը՝ տոնածառի՞, թե՞ բարձի տակ:
-Բարձիս տակ:
-Ամանորի ամենասիրելի ուտեստը Ձեզ համար ո՞րն է:
-Սացիվին, որը պատրաստում է մայրս: Շուրջ երեսուն տարի ամեն Ամանորին ես տեսել եմ այն մեր սեղանին եւ անհամբերությամբ սպասել եմ ճաշակելու պահին:
-Իսկ Դուք օգնու՞մ եք մայրիկին խոհանոցում:
-Մեզ մոտ աշխատանքի հստակ բաժանում է արված.սովորաբար աղցանները ես եմ պատրաստում, իսկ մնացած ուտեստները պատրաստում է մայրս:
-Կուզե՞ք Ամանորի գիշերը ռեստորանում նշել, ոչ տանը:
-Ոչ, նախընտրում եմ ավելի ուշ ռեստորանում նշել, ընկերներիս հետ, իսկ Ամանորի գիշերը պետք է տանը լինեմ:
-Ամանորին ընդառաջ` ընկերների, հարազատների համար նվերներ գնելու սովորություն ունե՞ք:
-Այո, հատկապես երբ ֆինանսապես կարող եմ լինում, որքան շատ նվեր եմ գնում, այքան երջանկանում եմ: Նվերներ ընտրելն իմ ամենասիրելի պրոցեսն է ամբողջ տարվա մեջ:
-Սիրո՞ւմ եք, երբ Ձեզ հարցնում են՝ ինչ նվիրել, թե՞ երբ անակնկալ են մատուցում:
-Ես անակնկալների մեծ սիրահար եմ: Չեմ ուզում նախօրոք իմանալ՝ ինչ եմ նվեր ստանալու: Անակնկալը միշտ ավելի հաճելի է:
-Այս տարի որտե՞ղ եւ ու՞մ հետ եք անցկացնելու Ամանորը:
-Այս տարի Նոր տարին կդիմավորեմ տանը, ընտանիքիս հետ:
-Իսկ եղե՞լ է այնպես, որ դրսում դիմավորեք Ամանորը:
-Այո, մի անգամ մեկնել էի Իրան՝ ընկերներիս մոտ, այնտեղ անցկացրինք տոնական օրերը: Մնացած բոլոր տարիներին տոներն անցկացրել եմ տանը ընտանիքիս հետ:
-2020 թվականին մեր երկրի համար ի՞նչ մաղթանքներ ունեք:
-Կայունություն եմ մաղթում: Ուզում եմ, որ մարդիկ ժպտան, թեպետ մենք անհոգ հազվադեպ ենք լինում, չժպտացող ազգ ենք: Ես ուզում եմ 2020-ին մարդկանց դեմքին անհոգություն տեսնել: Դա կնշանակի, որ նրանք իրենց տանը ապրում են ստաբիլ խաղաղ կյանքով: Կուզեմ` մարդիկ ուրախանալու շատ առիթներ ունենան:
-Եվ վերջին հարցը՝ 2020-ին կարիերայում ի՞նչ նվաճումներ կցանկանաք ունենալ, ի՞նչ հեռահար նպատակներ ունեք:
-Պլանավորած հատուկ բաներ չունեմ, հետաքրքիր թատերական նախագծում ընդգրկվելու ցանկություն ունեմ:
Աննա Բաբաջանյան