Մինչև շաբաթվա վերջ «Գոլդեն Փելիս»-ում մեկուսացած քաղաքացիները դուրս կգրվեն. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Դրանից հետո ձեռնարկվել էին տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների աշխատանքը դադարեցվել էր մեկ շաբաթով: Եվ այս օրերին տարբեր երկրներում դեռ շարունակվում են կորոնավիրուսով վարակվելու դեպքերը, իսկ Իտալիայում էլ անգամ կարանտին հայտարարվեց:

Եվ ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրեն զգում կորոնավիրուսով վարակված քաղաքացին,   եւ արդյոք մինչեւ այժմ կան կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր:

«Քաղաքացին իրեն լավ է զգում, գանգատներ չունի: Կրկնակի թեստ կդրվի, որից հետո, եթե վիրուսը բացառվի, դուրս կգրվի: Կորոնավիրուսով նոր վարակվածներ չկան:  Իսկ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները նույնպես իրնեց լավ են զգում, կրկնակի  թեստավորումից հետո, եթե ամեն ինչ լավ լինի, մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն»,-նշել է նա:

Նշենք, որ մինչ օրս Հայաստանում իրականացվել է 211 հետազոտություն՝ 1 դրական արդյունքով:

Ի դեպ, շարունակվում է պետական սահմանի անցման կետերում ուժեղացված հսկողությունը: Ներկայումս 14-օրյա բժշկական հսկողությունն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Իտալիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ժամանած ուղևորների նկատմամբ՝ անկախ քաղաքացիությունից (երկրների ցանկում ավելացվելու են Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան): Իսկ Իտալիայում կարանտին հայտարարելուց հետո ՀՀ տարբեր գերատեսչություններ արդեն կոչ արեցին խուսափել այդ ուղղությամբ ուղևորվելուց:

Լիդա Եղիազարյան




Լրահոս