ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացվել է Ազգային ժողովին: Հաշվետվությունն ընդգրկում է 2019 թվականի օրացուցային տարին:

 

Սակայն ի սկզբանե հայտարարված ծրագրից մի քանի կենտրոններ հանվել են եւ չեն մասնավորեցվել: Մասնավորապես, հաստատված ցանկում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկից հանվել են «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն,  «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն եւ «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն: Բացի այդ, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընկերությունների ցանկից հանվել են՝ «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն, եւ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընկերությունների ցանկից՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն:

2019 թվականին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56.887.4 հազար դրամ, որից ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները 29.720.9 հազար դրամ է: Պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդով մասնավորեցրել է «Ընդերքաբան» ԲԲԸ-ն 2 մլն 23 հազար դրամով: Սակայն այս ընկերության մասով որոշումն ուշագրավ է  նրանով, որ տարբեր ժամանակներում մասնավորեցվել էին այս ընկերության տարբեր մասնաճյուղերը առանձին-առանձին: Մասնավորապես, 2017թ. աճուրդով մասնավորեցվել էր «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ն: Հունիսի 7-ի գնահատմամբ՝ ընկերության բաժնետոմսերն արժեցել են մոտ 5,5 մլն դրամ: «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ն ստեղծվել է 2015թ. դեկտեմբերին «Ընդերքաբան» ԲԲԸ-ի առանձնացման ձեւով վերակազմակերպման արդյունքում: Սեյսմիկ փորձագետի տեխնիկական եզրակացության համաձայն՝ շենք-շինությունների ընդհանուր տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար կամ վթարային, եւ շենք-շինությունների վնասվածության աստիճանը՝ 3-րդ կամ 4-րդ աստիճանի վթարային:

Նշենք, որ կառավարության 2017-20 թվականների մասնավորեցման ցանկում էր ներառվել «Ընդերքաբան» ՓԲԸ-ն, որը գտնվում է Երեւանի Չարենցի 46 հասցեում: Այս ընկերությունը ստեղծվել է Բնապահպանությաննախարարության՝ 1998թ. մայիսի 12-ի հրամանով «Կենտրոնական երկրաբանահետախուզաշահագործական» պետական ձեռնարկության վերակազմակերպման ճանապարհով: Ընկերությունը շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպություն է: Հիմնական գործունեության ոլորտը՝ մետաղական եւ ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում, հանույթ, երկրաբանահետախուզական օբյեկտների եւ դրանց հետ կապված ժամանակավոր կոմունիկացիաների նախագծում, կառուցապատում եւ այլն: 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը 2009թ. կառավարությունը վերցրեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից եւ հանձնեց պետական գույքի կառավարման վարչությանը: Հետագայում այն դարձավ ԲԲԸ:

Ընկերությունը պատվերների բացակայության եւ դաշտում անմրցունակ լինելու պատճառով գործունեություն չի իրականացնում: 2010-ից սկսած՝ աշխատում էր վնասով: Քանի որ չէր գործում, սկսվեց մասնատումը:

2012-ին Գետահովիտի երկրաբանական բազայի շենք-շինություններն օտարվեցին ոստիկանությանը: Շուկայական արժեքը գնահատվեց 23 մլն 409 հազար դրամ: Եղվարդ քաղաքի բնակելի շենքը 2014 թվականի հոկտեմբերի 16-ին, կառավարության որոշմամբ, տրվեց շենքում բնակվող 16 ընտանիքներին: Շենքը, որպես ամանորյա նվեր, հանձնվեց դեկտեմբերի 30-ին: Գնահատված արժեքը 30 մլն 516 հազար 838 դրամ էր:

2015թ. դեկտեմբերի 24-ի նիստում կառավարությունը, հաշվի առնելով, որ ընկերության նախկին ծավալներով աշխատելու հավանականությունն իրատեսական չէ, «Ընդերքաբան» ԲԲԸ-ն բաժանեց մի քանի մասի՝ յուրաքանչյուր տեղամասում ստեղծելով նոր բաժնետիրական ընկերություն, եւ առանձին-առանձին հանեց մասնավորեցման:

Այն մինչ այս ներառված էր 2001-2003թթ., 2015-17թթ. մասնավորեցման ցանկերում: Վաճառքի մի փորձ էլ արվեց 2009 թվականին՝ կառավարության որոշմամբ ընդգրկելով ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցվող ընկերությունների ցանկում: Դրանից հետո այն մասնավորեցման է հանվում յուրաքանչյուր տեղամասն առանձին, գլխամասը՝ առանձին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՉԻ ՓՈԽՎԻ

Հանրապետության տարածքում մայիսի 6-7-ը, 9-10-ի գիշերը եւ կեսօրից հետո՝ շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում մայիսի 6-7-ը, 9-10-ի գիշերը եւ կեսօրից հետո, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:  Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

 




Լրահոս