Արցախի Հանրապետության 6-րդ գումարման խորհրդարանն իր գործունեության ընթացքում տարբեր երկրներից հյուրընկալել է 173 պատվիրակություն։
Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և հավելեց, որ խորհրդարանը մշտապես աշխատանքներ է իրականացրել արտաքին հարաբերությունների զարգացման ընդլայնման ուղղությամբ։
«Խորհրդարանական գործունեության մեջ հաշվի առնելով Արցախի Հանրապետության յուրահատկությունը՝ չճանաչված լինելը, արտաքին հարաբերություններում միջխորհրդարանական կապերի ընդլայնումն ու զարգացումը շատ կարևոր տեղ են զբաղեցնում՝ մեր երկիրը դրսում ներկայացնելու առումով։ 5 տարում ԱԺ է այցելել 173 պատվիրակություն՝ 58-ը Հայաստանի Հանրապետությունից, 20-ը՝ սփյուռքից, 95-ը՝ եղել են օտարերկրյա պատվիրակություններ։ Վերջինները ժամանել են 31 երկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, Լիբանանից, Չեխիայից, Հունաստանից, Միացյալ Թագավորությունից, Բոլիվիայից, Լյուքսեմբուրգից, Ուրուգվայից, Բրազիլիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Իսրայելից, Լիտվայից, Թուրքիայից, Շվեդիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Կիպրոսից, Ավստրալիայից, Բուլղարիայից և այլն»,- հայտնեց Ղուլյանը։
Նա նշեց, որ ԱՀ ԱԺ պատգամավորները նույնպես եղել են տարբեր երկրներում՝ ըդնհանուր առմամբ 24 այցելություն։ Հիմնականում դրանք եղել են դեպի ՀՀ, ինչպես նաև Սիրիա, Բելգիա, Գերմանիա, ԱՄՆ, Լիտվա, Լիբանան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ, Ավստրալիա, Ռուսաստանի Դաշնություն, Հարավային Օսիա և Աբխազիա։
Ղուլյանը շեշտեց, որ միջխորհրդարանական կապերը զարգացնելու նպատակով անց է կացվել 230 հանդիպում։