«Եթե մենք բոլոր խնդիրները կապենք պաշտոնյաների հետ , կորոնավիրուսի վարակման թվերը կավելանան ու կավելանան»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով այսօրվանից դիմակների պարտադիր կրելու անհրաժեշտությանն ու հիվանդացության դեպքերի կտրուկ աճին:
«Անպայման չէ, որ մեզ մտրակով ծեծեն, որպեսզի կատարենք որոշակի պայմաններ եւ անտեսենք դրանց կիրառումը՝ ելնելով մեր քաղաքական հայացքներից: Ես կարծում եմ, որ պետությունը շատ խիստ պետք է պահանջի դիմակների կրումն ու կանոնների պահպանումը: Համացանցում տարածվում եւ տեղի են տրվում այն հանգամանքին, թե կորոնավիրուսը բլեֆ է: Հավատում եմ կամ չեմ հավատում, ինչ է դա Աստվա՞ծ է, որ հավատաք, կամ չհավատաք: Սա կոնկրետ վարակ է, որի դեմը պետք է առնել, բայց ոչ կաբինետում հրահանգ տալով»,-նշեց նա:
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ իշխանությունն իրավունք չունի ամեն պատասխաանտվություն թողնի ժողովրդի վրա, եւ ժողովուրդն իրավունք չունի իր պատասխանատվությունը դնի իշխանության վրա:
«Մենք ուզում էինք այս երկրի տերը լինել, դե ուրեմն եկեք այդ պատասխանատվությունը կրենք»:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 218-ով՝ հասնելով 5041-ի:
Լիդա Եղիազարյան