Դիմում ԱԱԾ պետին՝ ընդդեմ իրավապահների․ ապօրինություն գործած պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի մարտին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել էինք «Մարտի 1»-ի գործով որպես վկաներ հարցաքննված ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից որոշ հատվածներ: Ընդ որում, այդ ցուցմունքները հրապարակել էինք այն ժամանակ, երբ արդեն ՀՀ ՀՔԾ-ն հայտարարել էր նախաքննության ավարտի մասին, սակայն սա չխանգարեց ՀՔԾ-ին, որ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով քրգործ հարուցի։ Այս գործով, որպես վկա, հարցաքննության էր հրավիրվել նյութի հեղինակ, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանը։ Սակայն դրանից հետո դատարանի թույլտվությամբ վերծանվել էին նաեւ Քնարիկ Մանուկյանի հեռախոսային խոսակցությունները, եւ փորձ էր արվել այդկերպ բացահայտել լրագրողի ինֆորմացիայի աղբյուրը։

Այս դեպքերից հետո «Ժողովուրդ» օրաթերթը իր աշխատակցի հեռախոսային խոսակցությունները վերծանելու թույլտվություն տված դատավոր Դավիթ Գրիգորյանի (Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր) վճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարան, որի արդյունքում փետրվարի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Քնարիկ Մանուկյանի հեախոսային հաղորդակցության վերծանումը ճանաչեց ապօրինի: Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ փետրվարի 27-ին Վճռաբեկ դատարան բողոք ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժեց վարույթ ընդունել դատախազի բողոքը, որովհետեւ այն ակնհայտ անհիմն էր: Այս իրավիճակը նշանակում է, որ Հայաստանում կան առնվազն երեք պաշտոնյաներ, ովքեր թույլ են տվել ակնհայտ ապօրինություն, եւ դա հաստատվել է Վճռաբեկ դատարանի կողմից վերջնական ուժի մեջ մտած դատական ակտով: Նրանք են դատավոր Դավիթ Գրիգորյանը,

ՀՔԾ խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը գործով ի պաշտոնե թիվ մեկ պատասխանատուն է՝ որպես վերահսկող կառույցի ղեկավար։ Բացի այդ, դատախազն անձամբ Վճռաբեկ դատարան բողոքարկեց Վերաքննիչ դատարանի որոշումը, ինչը Վճռաբեկ դատարանը համարեց անհիմն։

Եվ հիմա ուղղակի իրավական անհրաժեշտություն է առաջացել 3 պաշտոնյաների պատասխանատվության համար. նրանք պետք է ապօրինություն գործելու համար պատժվեն։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել լրագրողի իրավունքները խախտած պաշտոնյաներին։ Աակնկալում ենք այս իրավիճակում նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը, որը միշտ եղել է լրագրողների իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, բարձրացրել է իր մտահոգությունները եւ փորձել պաշտպանել մասնագիտական իրավունքները։ Հիմա էլ, կարծում ենք, նա հետեւողական կլինի, որպեսզի ընդհանրապես լրագրողների նկատմամբ ոտնձգություններ թույլ տրված պաշտոնյաները անհապաղ պատասխանատվության ենթարկվեն եւ երբեք չփորձեն անգամ մտածել լրագրողից աղբյուրի բացահայտում պահանջելու մասին։ Չենք բացահայտել ու չենք բացահայտելու ոչ մի դեպքում։ Ինչ փորձություն էլ որ նախատեսեք մեզ համար, կդիմակայենք։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս