Արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է «ՀՀ Փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս նախագծերով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:
Այս հանձնաժողովի ձևավորումը նախատեսված է ռազմավարությամբ: Ընթացիկ իրավիճակը նկարագրելիս ՀՀ արդարադատության նախարարությունը նկատում է, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային և քաղաքական կոռուպցիայի երևույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում:
Եվ ըստ այդմ, 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել է անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք է Փաստահավաք հանձնաժողովը՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաև՝ հաշտեցման հանձնաժողովը: Հանձնաժողովը գործելու է մինչև իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ, իսկ նրա անդամները ընտրվելու են Ազգային ժողովի կողմից: Նախագծով նախատեսվում է աշխատանքներն իրականացնել նիստերի միջոցով, իսկ գործունեությունն իրականցնելու է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Նախագծով նախատեսվում է Հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը և Հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը:
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝
- համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում,
- հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,
- հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ,
- անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ,
- ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,
- վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց Հանձնաժողովը անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալու:
Թվարկված դեպքերի ուսումնասիրության համար Հանձնաժողովը լիազորված է անձից պահանջել և ստանալ վկայություններ, կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձևից և տեսակից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների ու դատավորների, պահանջել և ստանալ դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ, պահանջել անցկացնելու հետազոտություններ և տրամադրել եզրակացություններ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ:
Նշենք, որ այս փաստահավաքը խմբի ստեղծումը նախատեսված էր Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծով: Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը)։
Նաիրա Հովհաննիսյան