Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը, նորատուսցիների ու գավառցիների միջեւ տեղի ունեցած զինված միջադեպի հետ կապված որոշ մանրամասներ ներկայացնելով, նշեց, որ հանցագործություն կատարած անձանց ողջ շրջանակը դեռ պարզված չէ. որոշ անձինք գտնվում են հետախուզման մեջ:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում՝ ժամը 17:40-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել։ Արդյունքում` մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հարցին՝ հանցագործություն կատարած անձանց ողջ շրջանակը պարզվե՞լ է, քննիչը պատասխանեց. «Հանցագործություն կատարած ոչ բոլոր անձինք են պարզվել, բայց հիմնականում ովքեր եղել են զինված, մասնակցություն են ունեցել զանգվածային անկարգություններին և փոխհրաձգությանը, նրանց շրջանակն, այո, պարզվել է: Մյուսները գտնվում են հետախուզման մեջ»:
Եվ ահա մինչ իրավապահները ակտիվ քննչական գործողություններ են իրականացնում Armlur.am-ի հետ զրույցում Գավառի միջադեպի գործով կալանավորված Նարեկ Հովհաննիսյանի պաշտպան Արթուր Հարությունյանը հայտնեց , որ հունիսի 29-ին քրեկատարողական հիմնարկից ազատ կարձակվի Նարեկ Հովհաննիսյանը:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Նորատուսի համայնքի շուրջ 287 քաղաքացի ստորագրահաված են իրականացրել հանուն Նարեկ Հովհանիսյանի, որ նրա կալանքը երկու ամսով չերկարաձգեն եւ նրան ազատ արձակեն: Արդյունքում, ստորագրահավաքը նպաստել է, որ դատարանը նրան ազատ արձակի եւ կալանավորված անձւը հունիսի 29-ին ազատ կարձակվի:
Նկատենք, որ դեպքից անցել է 2 ամիս եւ դեռես հայտնի չէ, թե ով պետք է փոխհատուցի հիվանդանոցի ոչնչացված գույքը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գավառի հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կարապետյանը ասաց , որ առողջապահության նախարարությունը ֆինանսապես օգնել է, իրենք ամեն ինչ վերանորոգել են եւ վերանորոգման վրա ծախսվել է մոտ 4 միլիոն դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան