Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի հետ անցկացրել է ճեպազրույց:
Վարչապետը նշել է, որ պարետատունը քննարկել է Հայաստանում համաճարակային իրավիճակը և եկել այն եզրակացության, որ չկա այլընտրանք ու առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման։ «Քանի դեռ թվերի փոփոխություն չունենք, քանի դեռ հակառակ դինամիկա չենք արձանագրել, պետք է գնանք խստացման կանոններով, ընդ որում՝ այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղություններն ունենալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը սկսել են առավել ցայտուն արտահայտվել։ «Գիտեք, որ ունենք քրեական գործ հակահամաճարակային կանոնի խախտման դեպքի առթիվ, երբ դրական ախտորոշմամբ քաղաքացին տաքսի վարելով է զբաղվել, իրավապահներն արձանագրել են և քրեական գործ են հարուցել այդ փաստի կապակցությամբ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը ցավով նշել է, որ Հայաստանը կորոնավիրուսային համաճարակի ցուցանիշների առումով նոր հակառեկորդներ է սահմանում։ «Այսօր Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ խնդիր է մեզ համար, բոլորիս համար, բայց կա մեկ շատ ավելի կարևոր խնդիր, որից, մեր կարծիքով, բխում է այս երկրորդ խնդիրը. իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում չկա, որովհետև հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, որ երկրի երեք միլիոն բնակչությունը ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հարուցված վարչական իրավախախտումների ընթացակարգը մոտենում է այն փուլին, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն բռնագանձվել։ «Քննարկում ենք նաև օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնելը, որով տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահը առավել կարճ կտևի։ Նորից եմ ասում, որ այս միջոցներին գնում ենք ոչ թե քաղաքացիներին տուգանելու համար, քավ լիցի, մեր խնդիրը չէ որևէ մեկին տուգանելը, այլ պարզապես ուզում ենք ասել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի չտուգանվելու հնարավորություն և նույնիսկ երաշխիք, և այդ երաշխիքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,- նշել է վարչապետը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանն ասել է, որ իրեն հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը, բայց վարակի դեմ իր պայքարը դեռ ավարտված չէ: «Ես պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչև այս վարակի սպառնալիքն ամբողջությամբ չեզոքացվի: Սկզբում դա շատ դժվար էր ու մենք չգիտեինք՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ, անընդհատ սովորում էինք, պարզում թույլ կողմերը, բայց խուճապի մեջ ընկանք առաջին վարակվածին տեսնելիս»,- նշել է նա: Բժշկի խոսքով՝ կորոնավիրուսը հիվանդի վրա նույնքան արագ է ազդում, որքան տարածվում է ամբողջ երկրով: Տոնոյանը բոլորին հորդորել է միավորվել ու միասին պայքարել այս վարակի դեմ, ինչպես դա անում էին մեր զինվորները ռազմի դաշտում:
Արմեն Մարտիրոսյանը, ում հայրը՝ Աքիլես Մարտիրոսյանը, հունիսի 19-ին 77 տարեկանում մահացել է կորոնավիրուսից, նշել է. «Ասել, որ կորոնավիրուսն անվտանգ է, համարժեք է նրան, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ասեին՝ ադրբեջանցի զինվորը կամ անօդաչու թռչող սարքը վտանգ չի ներկայացնում: 4.5 ամիս ես չեմ շփվել հարազատներիս հետ, սակայն, միևնույն է, չեմ կարողացել ապահովել պայմաններ, որպեսզի նրանք, ովքեր չեն պահպանում անվտանգության կանոնները, նույնպես չշփվեն ընտանիքիս հետ:
Դա հանգեցրել է նրան, որ իմ ամբողջ ընտանիքը և եղբորս ընտանիքում գրեթե բոլորը վարակվել են, իսկ եղբայրս այժմ գտնվում է հիվանդանոցում: Իմ օրինակն այն մասին է, որ եթե անգամ մենք ինքներս հետևում ենք կանոններին, միևնույն է հանդուրժում ենք նրանց, ովքեր չեն պահպանում դրանք, և խնդիրը չի լուծվում»: