«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կլինի. նախագիծը դրվեց շրջանառության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Սուրեն Գրիգորյանը շրջանառության մեջ են դրվել «ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ու 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Ըստ այդմ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերով  սահմանվել են հետեւյալ կարգավորումները`

1. Հաշվի առնելով այն, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով արդեն իսկ առկա կարգավորումները սահմանում են Սահմանադրական դատարանի դատավորների սոցիալական երաշխիքները եւ նրանց պաշտոնավարումը դադարելու դեպքում կենսաթոշակ նշանակելու հետ կապված հարցերը, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաեւ Օրենքի 88-րդ հոդվածի 4.1, 4.2 եւ 4.3-րդ մասերը` դրանց կարգավորման անհրաժեշտությունը սպառված լինելու հանգամանքը հաշվի առնելով: Միեւնույն ժամանակ 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով Օրենքի 88-րդ հոդվածում հստակեցվել է նրանց կենսաթոշակ տրամադրելու օրենսդրական հիմքը:

2. Հիմք ընդունելով 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 213 հոդվածի նոր խմբագրությունը`

2.1) համապատասխանեցվել է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու հաջորդականությունը Սահմանադրության 213-րդ հոդվածին.

2.2) հստակեցվել է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած մյուս դատավորների պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը.

2.3) սահմանվել է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած երեք դատավորների թափուր պաշտոններում առաջադրումները կատարելու կարգը եւ ժամկետները: Ըստ այդմ` առաջադրումներ կատարելու իրավունք ունեցող սուբյեկտները առաջադրումները կատարելու են Սահմանադրության փոփոխությունների ուժով, ի տարբերություն ընդհանուր կարգի, երբ թափուր պաշտոնի առկայության մասին նրանք ստանում էին համապատասխան ծանուցում: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ թափուր պաշտոնները մեկից ավելի են, առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից` 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում.

2.4) նախատեսվել է, որ Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:

3. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերը համալրելու համար առաջադրումների ընթացակարգը հստակեցնելու համար սահմանվել է, որ այն մարմինը, ում առաջադրմամբ արդեն իսկ պաշտոնավարում են համապատասխան թվով դատավորներ (ըստ Սահմանադրության` յուրաքանչյուր մարմնին համապատասխանում է երեք դատավոր), ապա այդ մարմինը չի առաջադրում թեկնածու, ինչը նաեւ բխում է Սահմանադրությամբ առաջադրումների հաջորդականությունը սահմանելու տրամաբանությունից:

Բացի այդ իշխանական խմբակցության պատգամավորները ներկայացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծ, որում ասվում է.

« Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՕ-001-Ն որոշումը»:

 




Լրահոս