Այս տարվա հուլիսի 1-ից երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Նշենք, որ նախկինում գործող կարգի համաձայն՝ 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 500 հազար դրամը վճարվում էր միանգամից, իսկ մնացած 500 հազար դրամը կամ 1 մլն դրամը՝ 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում, փոխանցվում էր նոր ծնված երեխայի անվամբ բացված բանկային հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում առաջին եւ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացել է մի դեպքում 6 անգամ, մյուս դեպքում՝ կրկնակի: Սա նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կվճարվի 300 հազար դրամ՝ նախկինում վճարվող 50 եւ 150 հազար դրամների փոխարեն: Հավելենք, որ մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում կարող են տնօրինվել միանվագ: Դիմումի համաձայն քաղաքացիներին կտրամադրվի հաշվին առկա ողջ գումարը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան