Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ: Զրույցը ծավալվել է համահայկական օրակարգի խնդիրների, հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածության և, հատկապես, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանությունների կողմից միակողմանի և հակահայ հայտարարությունների շուրջ:
Բարձր գնահատելով Դաշնակցության դերը համազգային շահերի պաշտպանության ու առաջմղման համատեքստում՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ներկայացվել է Արցախի իշխանությունների դիրքորոշումը քննարկված հարցերի վերաբերյալ: Արցախի նախագահը հորդորել է օգտագործել ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և ՀՅ Դաշնակցության՝ տարբեր հարթակներում ունեցած քաղաքական հնարավորությունները՝ բարձրացնելու թուրքական իշխանությունների անհարկի միջամտության աղաղակող փաստերը՝ միջազգային հանրության պատշաճ արձագանքներն ու գործողություններն ապահովելու նպատակով:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի ու հայ զինվորի կողքին լինելու հանձնառությունը: