Մի շարք քաղաքացիներ ArmLur.am խմբագրությունից հետաքրքրվում են, թե արդյոք միջմարզային ճանապարհները փակ են լինելու Վարդավառի տոնի ժամանակում, թե մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել: Ի պատասխան ArmLur.am-ի հարցմանը, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ պաշտոնական հաղորդակցություն է տարածել:
Իսկ ինչ է ասվում ոստիկանության հայտարարության մեջ.
«Վարդավառի օրը ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Հուլիսի 19-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վարդավառը մեր ժողովրդի սիրելի տոներից է, այն յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։
Ըմբռնումով մոտենալով այս հանգամանքին, այնուամենայնիվ, կոչ ենք անում և հորդորում՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:
Առողջություն և զգոնություն բոլորիս: Միասին հաղթահարելի են բոլոր դժվարությունները»:
Այսպիսով բոլոր միջմարզային ճանապարհները բաց են լինելու, սակայն ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրային վայրերում: