Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը տեւական դադարից հետո նորություն ունի իր երկպագուների համար: Երգչուհին իր ինստագրամյան էջում գրառում է կատարել, որ շատ շուտով կներկայացնի իր նոր սեփական բրենդը:
«Երբ որ սեփական բրենդ ունենալու որոշումը կայացրի, զգացի, որ հարցեր կան, որոնք միայնակ չեմ կարողանում լուծել կամ, որ ավելի ճիշտ է ասել, վստահ չէի կայացրածս որոշումներում։ Մի խոսքով, իմ փոքրիկ բրենդն իր մեկնարկի նախաշեմին է։ Շնորհավորե՛ք ինձ ու հաջողություն մաղթե՛ք»,-մասնավորապես գրել էր երգչուհին։
Նոր բիզնեսի մասին երգչուհի Անուշիկ Ալավերդյանն առաջին անգամ զրուցել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ:
«Միտքը ծագել է ինքնամեկուսացման շրջանում, Մայան՝ դուստրս, ֆոտոնկարահանումների էր, որտեղ նրան, չգիտեմ՝ ինչու, միշտ փորձում եմ հագցնել այնպես, կարծես թե նա եկած լինի 60-ական թվականներից, քանի որ ես ինքս շատ եմ սիրում վինտաժ ոճը, եւ սիրում եմ, որ իմ աղջիկն էլ հենց այդ ոճով է հագնվում: Եվ այդպես, հագուստի հետ ինձ պետք էր գտնել գլխարկ, որը ես երեւի թե մի քանի օր փնտրեցի, եւ այդ ընթացքում ժամանակ չկար անգամ կարելու, եւ այդպես էլ չգտա իմ ցանկացած գլխարկը: Անկեղծ շատ տխրեցի, քանի որ իսկապես իր ընդհանուր կերպարի համար շատ էր պետք այդպիսի հասարակ գլխարկ: Եվ այդպես այդ ընթացքում միտք առաջացավ, թե ինչու ես չստեղծեմ իմը, քանի որ մեր երկրում, ցավոք, ցանկացած հասարակ բան հագուստի առումով առանց ավելորդությունների պարզապես անհնար է գտնել: Եվ ես որոշեցի ստեղծել նման գլխարկների հավաքածու, որը կլինի միմիայն վինտաժ ոճում»,-գաղափարի մասին պատմում է երգչուհին:
Նրա խոսքով՝ նա հաճելիորեն զարմացած է մարդկանց արձագանքից, մանավանդ այն դեպքում, երբ դեռ գլխարկների տեսականին համացանցում տեղադրված չէ. «Շատ հաճելիորեն զարմացած եմ, քանի որ սա իմ առաջին աշխատանքային փորձն է լինելու այս ոլորտում: Զարմանքս կայանում է նրանում, որ դեռ գլխարկների տեսականին համացանցում չկա, միայն հայտարարել եմ, որ այդպիսի բան եմ արել, ու արդեն այնքան նամակներ եմ ստացել, որ ցանկություն ունեն ձեռք բերել, գնել առանց տեսնելու: Շատ զգացված եմ նման արձագանքի համար»:
Հարցին, թե մտավախություն չունի, որ բիզնեսը կարող է երկրորդ պլան մղել երգարվեստը, Անուշիկը նկատում է, որ երկու ոլորտներն էլ իրարից բավականին տարբեր են, եւ չի կարծում, որ մեկը մյուսին կարող են խանգարել:
«Չեմ կարծում, որ այս նոր բիզնեսը կխանգարի երգարվեստում իմ գործունեությանը: Իրականում շատ տարբեր ոլորտներ են. երգն իմ կյանքն է, իսկ սա նոր զբաղմունք է: Կարող եմ ասել, որ միայն ժամանակի առումով է զբաղվածությունս ավելի շատացել, բայց այս պահին դեռ հասցնում եմ, որովհետեւ Մայան արդեն գնում է մանկապարտեզ, եւ հիմա ունեմ ավելի շատ ազատ ժամանակ»,-ասում է նա:
Իսկ թե ինչով է տարբերվելու նրա բրենդը, երգչուհին ընդգծում է. «Տարբերվելու խնդիր չկա, քանի որ կարծում եմ, որ դա միակն է լինելու, որովհետու բացարձակ վինտաժ ոճի մեջ ենք լինելու, մանավանդ գլխարկների մասով, իսկ գլխարկները լինելու են հաստատ դեռ միակը»:
Մեր զրույցի վերջում անդրադառնալով նաեւ առաջիկա անելիքներին՝ Անուշիկ Ալավերդյանը հավելում է. «Անկեղծ ասած, ծրագրերս՝ թե՛ երգարվեստի, թե՛ բիզնեսի հետ կապված, շատ-շատ են, որը փուլ առ փուլ, ըստ պլանավորվածի, ճիշտ ժամանակին լինելու են. հիմա պարզապես չակերտները չեմ ուզում շատ բացել, բայց ամեն ինչ լինելու է իր ժամանակին»:
«ՇԱՏ ԷԻ ՎԱԽԵՆՈՒՄ, ՈՒԶՈՒՄ ԷԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԴԵՐԻՑ». ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ
Դերասանուհի Անի Ղազարյանն այս շրջանում զբաղված է «Իշխանություն» գեղարվեստական ֆիլմի նկարահանումներով, որի շուրջ էլ ArmLur.am-ը խոսել է դերասանուհու հետ՝ փորձելով բացահայտել գլխավոր հերոսուհու նրա կերպարը։
-Անի՛, ի՞նչ կերպար եք մարմնավորելու «Իշխանություն» գեղարվեստական ֆիլմում:
-Կերպարի մասին շատ փակագծեր բացել չեմ կարող՝ զուտ կոմերցիոն նպատակադրումից ելնելով, իսկ որոշ ժամանկ անց, արդեն գովազդային փուլը երբ գա, ավելի շատ կխոսվի կերպարի մասին։ Կարող եմ նշել, որ ֆիլմի գլխավոր հերոսուհին է, ու Մհեր Մկրտչյանի ֆիլմերում միշտ գլխավոր հերոսը տղամարդ է, իսկ սա առաջին դեպքն է, երբ ֆիլմը ոչ թե հերոսի, այլ հերոսուհու մասին է։
-Ի՞նչ բացասական եւ դրական գծեր ունի այն, եւ արդյոք հե՞շտ տրվեց Ձեզ կերպարը։
-Ինձ համար ամենակարեւոր գիծը՝ կերպարի հետ կապված, նրա մարդկային արժեքների ճիշտ դասակարգման, հավատարմության դրական կողմերն են, իսկ բացասական կողմեր բոլորն ունեն. եթե չխաբեն, ապա ինչքան դրական կողմ ունեն, նույնքան էլ բացասական, եւ կարծում եմ՝ ֆիլմը դիտելուց հետո դրական կողմերի հետ միասին մարդիկ կլինեն, ովքեր նաեւ կերպարին բացասական երանգներ կտան, ինչը շատ բնական եւ նորմալ երեւույթ է։ Եթե անկեղծ լինեմ, ես ունեի շատ մեծ վախեր, քանի որ կերպարը հեշտ եւ միակողմ կերպար չէր, եւ երբ իմացա, որ ես պետք է խաղամ, նույնիսկ ամուսնուս հետ վիճեցինք, ես չեմ թաքցնում, քանի որ ես իսկապես շատ եմ վախենում, եւ նկարահանումների մեծ մասն անցել է, բայց դու չես կարողանում քեզ կողքից տեսնել, իսկ արդյունքը կտեսնենք միայն վերջում, եւ ես անգամ որոշել էի հրաժարվել դերից, բայց չստացվեց։
-Անի՛, ինչի՞ մասին է ֆիլմի ընդհանուր գաղափարը, եւ ե՞րբ այն կհանձնեք հեռուստադիտողի դատին։
-Ես կդժվարանամ ֆիլմին մեկ գաղափար տալ, չնայած, որ ֆիլմի անունը «Իշխանություն» է։ Ֆիլմն իր մեջ ունի շատ տարբեր գաղափարներ՝ սիրո, հավատարմության, հիասթափության, մարդկային արժեքների, կյանքի հանդեպ սիրով։ Իրականում ֆիլմը շատ տարբեր մարդկային դրսեւորումների մասին է։
-Իսկ ինչպե՞ս եւ ի՞նչ մթնոլորտում են անցնում նկարահանումները:
-Իսկ նկարահանումներն անցել են շատ լավ եւ դրական մթնոլորտում, եւ մեզ մնացել է ավարտին ընդամենը մեկ կամ երկու օր։ Դժվարությունները կապված են եղել կորոնավիրուսով պայմանավորված, եւ մենք հնարավորինս փորձել ենք պահպանել անվտանգության կանոնները, ինչի արդյունքում էլ չենք ունեցել ոչ մի հիվանդացության դեպք։
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Երեւանի «Արարատը» Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մալաքյանին շնորհավորել է ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր Էդգար Մալաքյանի 30-րդ տարեդարձն է։ Հիշեցնենք, որ Էդգար Մալաքյանն անազատության մեջ է: Նա մեկ ամսով կալանավորվել էր օգոստոսի 30-ին Կասկադում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Էդգարը եւ իր եղբայր Գոռ Մալաքյանը ձերբակալվել էին ոստիկանների հետ բախման պատճառով: Էդգար Մալաքյանն այս մրցաշրջանից առաջ Գյումրիի «Շիրակից» էր տեղափոխվել «Արարատ»:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 3 ԴԵՊՔ
Անգլիական Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի նախորդ թեստավորման արդյունքում գրանցվել է 3 դրական թեստ. հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 14-20-ը կորոնավիրուսի թեստ են հանձնել 1574 ֆուտբոլիստներ ու ակումբների աշխատակիցներ: Վարակվածները կմեկուսացվեն 10 օրով: Պրեմիեր լիգան հայտնել է, որ տեղեկություններ չեն հրապարակելու վարակված ֆուտբոլիստների ու ակումբների մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով:
ՄՐՑԱՎԱՐԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ
Իտալացի մրցավար Դանիելե Դե Սանտիսին սպանել են Լեչե քաղաքում գտնվող իր բնակարանում: 33-ամյա մրցավարին ու նրա 30-ամյա ընկերուհի Էլեոնորային հայտնաբերել են պատռվածքներով: Հարեւանները պատմել են, որ նրանք լսել են բղավոցներ, այնուհետեւ նկատել են դեպքի վայրից հեռացող դանակով տղամարդու: Ենթադրվում է, որ բնակարանում եղել է բախում, այնուհետեւ՝ կրկնակի սպանություն: Դանիելե Դե Սանտիսը սպասարկում էր Իտալիայի B եւ C սերիայի խաղեր: C սերիայում նա անցկացրել է 130 հանդիպում, իսկ B սերիայում նորամուտը նշել է 2017-ին չորրորդ պաշտոնյայի կարգավիճակում:
ԿԻՍՎԵԼ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Բոլոնիայի» հետ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում (2:0) դուբլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: «Ես լավ մարզավիճակում եմ, աշխատում եմ ինձ վրա: Մենք հաղթեցինք, բայց կարող էինք խփել ավելի շատ գոլեր: Անձամբ ես կխփեի եւս 2 գոլ, եթե 20 տարի երիտասարդ լինեի: Ես ծեր չեմ: Ես Բենժամին Բաթոնի պես եմ՝ սկսում եմ ծերությունից եւ կմահանամ երիտասարդ: Եթե ավելի լուրջ, թիմը հրաշալի աշխատանք կատարեց: Մենք դեռ պատրաստ չենք 100 տոկոսով, այդ պատճառով եղան սխալներ, որոնք սովորաբար թույլ չենք տալիս»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football Italia-ն: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը գոլի հեղինակ դարձավ 23-րդ մրցաշրջանում անընդմեջ: Նա գոլային շարքը սկսել է 1999թ-ից: Այս ընթացքում հարձակվողը հանդես է եկել նաեւ շվեդական «Մալմյոյում», հոլանդական «Այաքսում», իտալական «Յուվենտուսում», «Ինտերում», կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»: