Դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ահազանգ հնչեցրեց, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին: Արձագանք եղավ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից, սակայն իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ ականջալուր չեղան։ Եվ հիմա՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո, երբ Հայաստանը փաստացի ստանձնել է պատասխանատվություն Ադրբեջանին վերադարձնել տարածքներ, իրավիճակը արմատապես փոխվել է:
Այս առնչությամբ Գեւորգ Կոստանյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է.
«Հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար: Հարցը իսկապես լուրջ է, քանի որ փոխհատուցման պահանջը կարող է հասնել մինչեւ 50 միլիարդ դոլարի, ինչը Հայաստանի համար աստղաբաշխական գումար է: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Փաշինյանի ստորագրելուց հետո ինքն է արդեն այդ տարածքների համար եղել պատասխանատու։ ՀՀ-ն բոլոր միջազգային փաստաթղթերում հանդես էր գալիս որպես սուբյեկտ, բայց այնքանով, որքանով ազդեցություն ուներ, այլ ոչ թե պատասխանատու էր։ Փաշինյանի ստորագրելուց հետո նա մեխանիկորեն դարձավ պատասխանատու»,-նշում է Կոստանյանը։ Նա ընդգծեց, որ փաստորեն հիմնավորեց՝ Ադրբեջանը պատրաստվել է, իսկ հիմա էլ նույնիսկ Զանգեզուրի մասին են հայտարարություններ հնչում։ Եվ, ահա, արդեն Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ է հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։ Կոստանյանն ընդգծում է՝ տարածքներ կորցնելուց եւ այդքան զոհերից հետո այժմ էլ 50 միլիարդ են պահանջում հայկական կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարի փնտրտուքի մեջ են: Բանն այն է, որ իշխանությունները նպատակ են ունեցել հենց առաջինն իր պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին, բայց, արի ու տես, այդ ոլորտի ներկայացուցիչները որեւէ կերպ չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնը, քանի որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլ նաեւ դրանք, կարելի է ասել, անլուծելի են դարձել: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նաեւ Աժ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդսության հարցերի հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով կադրեր առաջարկել, ովքեր կկարողանան համակարգը ուշքի բերել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ լինում են թեկնածուներ, որոնց առաջարկվում է նախարարի պաշտոնը, սակայն կտրականապես մերժում են ստանում: Այժմ իշխանությունները փնտրում են մի անձի, որն ի վիճակի կլինի այդ գերատեսչությունը կառավարել, խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ գրեթե բոլոր «վտանգավոր» ու հարցերով լի ոլորտները միավորվել են՝ դառնալով մի կառույց, որտեղ առկա են բազմապիսի խնդիրներ ու հրատապ լուծումներ են պահանջում: Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ շուտով աշխատանքից ազատվելու է նաեւ ԱՆ Արսեն Թորոսյանը:
Դոլարի փոխարժեքը բարձրացել է. Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 500-501 դրամ է, վաճառքինը՝ 509-511 դրամ: Պատճառը դոլարի դեֆիցիտն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Պակասել են այլ երկրներից ուղարկվող գումարները, որոնք դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին: Պակասել է, որովհետեւ արտահանման ծավալներն են պակասել, որոնք վաճառած ապրանքի դիմաց դոլար կամ եվրո էին ստանում, որը բանկերում դառնում էր փոխանակման գումար: Նաեւ արտասահմանից եկող օգնություններն են պակասել որոշակի»,- ներկայացրեց Գ. Մակարյանը: Մասնագետի խոսքերով՝ դոլարի բարձրացումը ձեռնտու կարող է լինել արտահանման ոլորտում. եթե մեր արտահանման ծավալներն աճում են, ապա դրա արդյունքում մենք դոլարի դիմաց ավելի շատ դրամ ենք ստանում, այդ առումով ձեռնտու է: «Բայց մեր արտահանման ծավալները մոտավորապես 3 անգամ զիջում են ներմուծման ծավալներին: Այս դեպքում ավելի վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ»,- լրացրեց մեր զրույցակիցը: Ի դեպ, տեղեկացնենք, որ դոլարի առքի եւ վաճառքի միջեւ տարբերություն կա: Այս հարցին ի պատասխան` տնտեսագետն ասաց. «Նախկին ժամանակներում է եղել այդպես, երբ բանկերը փորձել են իրավիճակը օգտագործել իրենց օգտին: Եթե ուշադրություն դարձրել եք, այն ապահով շրջանում տարբերությունը 3-4 դրամ է եղել, հիմա մի քիչ շատ է, բնականաբար, պետք է Կենտրոնական բանկը դրա մասին մտածի, գուցե պետությունը բանկերին կոչով դիմի, որ բանկերն այստեղ ոչ թե եկամուտ, շահույթ լրացուցիչ կորզեն, այլ չնչին եկամուտով աշխատեն հանուն պետության, որովհետեւ պետությունն ու հանրությունն այս պահին աջակցության կարիք ունեն»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գալ եւ մասնակցել նոյեմբերի 26-ին գումարվելիք Աժ արտահերթ նիստին, սակայն դեմ քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախագծին։ Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով ցանկանում են վերացնել Հայաստանում տիրող ռազմական դրությունը: Որպես դրա հիմնավորում՝ ընդդիմադիր խմբակցությունը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունը, որն արվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին: «Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` շփման գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում, հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով: Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը», – ասվում է հիմնավորման մեջ: Այս առաջարկին կողմ է նաեւ ԲՀԿ-ն, սակայն ոչ իշխող խմբակցությունը, որն առհասարակ համաձայնություն չէր տալիս քննարկմանը, իսկ հիմա նիստ կլինի, սակայն նրանք դեմ կքվեարկեն։ Հավելենք, որ որոշում է կայացվել խորհրդարանում այդ նախագծի քննարկման համար ժամային սահմանափակում չանել եւ այն քննարկել առանց ժամային սահմանափակման։