ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵՄՈՒԱՐՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ Է ԳՏՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմության օրակարգում շարունակում է մնալ ՀՀ վարչապետի հրաժարականը, ու իրենք շարունակում են իրենց աշխատանքներն այդ ուղղությամբ: Մենք փորձեցինք պարզել նաեւ, թե որտեղ է այս օրերին գտնվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, եւ ինչ աշխատանքներ է իրականացնում ՀՀ-ի առջեւ ծառացած խնդիրների առնչությամբ:

 

-Տիկի՛ն Տոնոյան, մի քանի օր է, ինչ ընդդիմությունը հանրահավաքներ չի կազմակերպում Ազատության հրապարակում։ Հիմա մտավորականներն են ակտիվ ակցիաներ իրականացնում։ Պատրաստվո՞ւմ եք միանալ իրենց։ Ի՞նչ եք նախատեսում առաջիկայում։ 

-Նախ՝ պետք չէ տարանջատում դնել։ Այն օրակարգը, որն այսօր ձեւավորված է Հայաստանում, համաժողովրդական օրակարգ է. խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականին եւ նոր անցումային կառավարության ձեւավորման հրամայականին, բնականաբար, հետո նաեւ խելամիտ ժամկետներում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու փաստին։ Մենք մեզ ընձեռնված ամբողջ գործիքակազմը՝ օրենքով սահմանված, գործածելու եւ իրացնելու ենք։ Գիտեք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական իր գործընկերոջ հետ խորհրդարանում նախաձեռնել էր ռազմական դրության չեղարկման օրակարգը, որը խորհրդարանական մեծամասնության ջանքերով տապալվեց՝ բնականաբար հաշվի առնելով նրանց այն մտահոգությունը, որ դրանից անմիջապես հետո՝ 48-72 ժամվա ընթացքում, մենք նախաձեռնելու էինք վարչապետին անվստահություն հանձնելու գործիքակազմը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը. դա վերաբերում է ե՛ւ հանրահավաքների անցկացմանը,  ե՛ւ քաղաքացիական անհնազանդության դրսեւորումներին։ Բոլոր այդ գործիքներն օգտագործվելու են։  Այս օրերին մենք մեր ներուժը կենտրոնացրել ենք նաեւ ռազմագերիների հետ կապված խնդիրները միջազգային ամենատարբեր ատյաններում ներկայացնելու։ Հիմա ամբողջ ներուժը կենտրոնացվել է դրա վրա։ Դա հրամայական է, այս պահին հրամայականներից թերեւս ամենակարեւորը։ Այնպես որ, մենք շարունակելու ենք մեր պայքարը նույն պահանջով, ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացում, անցումային կառավարության ձեւավորում եւ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում։ Այդ օրակարգով մենք մեր պայքարը շարունակելու ենք։ Մեր օրակարգում որեւէ վայրկյան բան չի փոխվել։

-Այս ժամանակահատվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներ է կատարում եւ մանրամասներ է ներկայացնում պատերազմի ժամանակ կատարած իր քայլերի մասին։ Սա քննարկո՞ւմ եք։ Արդյոք հակասություններ տեսնո՞ւմ եք։ Ձեր խմբակցությունն ինչպե՞ս է վերաբերում այս ամենին։

-Ինձ համար, իրոք, սա տոտալ ողբերգություն է, որ վարչապետն այսօր կարողանում է իր մեմուարները ֆեյսբուքում զետեղելու ժամանակ գտնել, այն դեպքում, երբ կոնկրետ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրները մեծ ողբերգություն է պարունակում։ Մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, եւ ամեն վայրկյան հապաղումը հղի է ամենավտանգավոր ու ողբերգական հետեւանքներով։   Վարչապետը ժամանակ է գտնում ֆեյսբուքում արդարանալու ինչ-որ հուսահատ փորձեր անել։ Իրականում երեւում է թե՛ հանրության կողմից, թե՛ սոցիալական հարթակներում՝ ինչպիսի արձագանքի  են արժանանում վարչապետի հուսահատ ճիգերը։ Լավ կլիներ, որ այն օգտակար գործողության գործակցի թեկուզ այն փոքր չափաբաժինը, որ միգուցե հնարավոր է, որ կառավարությունը՝  վարչապետի գլխավորությամբ,  կարողանա օգտագործել, նրանք ուղղեին կոնկրետ խնդիրների լուծմանը։  Մեր տեղեկություններով՝ այս պահին վարչապետի ձեռքի տակ կա ամբողջ տեղեկատվությունը թե՛ անհետ կորածների, թե՛ ռազմագերիների վերաբերյալ եւ թե՛ մեր ունեցած մարդկային ու տեխնիկական կարուստների մասին, այն ահռելի կորուստների մասին, որը կրել է մեր բանակը, սակայն այդ մասին հանրությանը որեւէ տեղեկատվություն   չի տրամադրվում։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին. «2015 թվականին՝ Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո, ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է:

Բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այն արդյունքները, որ այսօր ունենք, ամենեւին գոհացուցիչ չեն, որովհետեւ, ցավոք, մեզ չի հաջողվել հասնել այնպիսի համակարգերի ձեւավորման, որ կարողանանք ասել, որ ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետությունում կայացել է: Մենք նաեւ նոր իրադրության բերումով երեւի թե պետք է ամփոփենք նախորդ շրջանի կատարվածը, նախորդ շրջանի բացթողումները եւ հասկանանք, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերության ոլորտում, որ առաջինը՝ այդ համալիրը կարողանա մեր երկրի տնտեսության եւ արդյունաբերության տանող շարժիչ ուժը դառնալ եւ մյուս կողմից, կարողանա ապահովել անվտանգության մեր կարիքները ժամանակակից մարտահրավերներին համապատասխան»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել զեկուցումով՝ ռազմարդյունաբերական համալիրի կողմից կատարված աշխատանքների եւ ընթացիկ վիճակի վերաբերյալ: Հաջորդիվ քննարկում է ծավալվել պատերազմից հետո ձեւավորված իրողությունների պայմաններում զարգացման ուղղությունների եւ հետագա անելիքների շուրջ: Արծարծվել են ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը, համապատասխան մասնագետներով համալրմանը, տեխնոլոգիական կրթության խրախուսմանը, գիտություն-տնտեսություն-ռազմարդյունաբերություն գործուն կապի ստեղծմանը վերաբերող հարցեր: Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները եւ ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները:

Ներկայացվել է 2020-2021 թվականների հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների ցանկը:

 

 

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ էր հրապարակել Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ։ Նրա հայտարարությանն արդեն արձագանքներ են եղել: Նախ նշենք՝ Փաշինյանը մասնավորապես անդրադարձել էր ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելու հանգամանքներին: Փաշինյանը գրել էր. «Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի եւ Արցախի ներկա եւ նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Որոշ քննարկումից հետո համաձայնեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես կկազմակերպեմ հանդիպումը»,- նշել է նա, ապա անդրադարձավ նաեւ ՀՀ նախկին նախագահների՝ Մոսկվա մեկնելու ցանկությանը եւ զարգացումներին։

Այս հայտարարությունից ժամեր անց արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ գրելով.  «Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի. մեկն ընկերոջը հարցնում է՝ ճիշտ է, որ մեր հարեւանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարեւանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ բնակարան, ոչ թե շահել է, այլ կրվել։ Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»։ Իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը գրում է.  «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է, թող դուրս տա: Միեւնույնն է, նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»: Այս հայտարարություններին արձագանքել է արդեն ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ գրելով. «Անկախ ամեն ինչից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այո, կմնա հայ քաղաքական մտքի գագաթներից մեկը, բայց գագաթները եւս ունենում են բարդույթներ, իսկ բարդույթները կործանարար են»։

 

 

12.317.500 ՀՀ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 12.317.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել 5 գործ։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.954.880 ՀՀ դրամ: Նախկինում արձանագրված 3 դեպքով էլ  հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։




Լրահոս