ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ճակատագիր են ունեցել աճուրդի հանված շենքերը. Փաշինյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններից մեկը շարունակում է բուռն քննարկման առիթ հանդիսանալ:  Վերջինս, խոսելով բուհական համակարգի մասին, ասել էր. «Քանի որ բուհերի շենքերը գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձեւավորված գումարներով Երեւանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր բուհական, դասախոսական, գիտական պոտենցիալը»:

Նման ակադեմիական քաղաք ունենալն առաջին հերթին մեծ ներդրումներ է պահանջում, սակայն Հայաստանի պարագայում նախադեպեր կան, երբ շենքեր են աճուրդի հանվում, սակայն գնորդ այդպես էլ չի լինում:

Դեռ 2012  թվականին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը գնել էր ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված էր արտաքին գործերի նախարարությունը: Գործարքի արժեքը 20,6 մլրդ դրամ էր կազմում եւ շենքը  վերանորոգումից հետո պետք է դառնա հինգաստղանի հյուրանոց: Սակայն այդ գնումից անցել է արդեն 9 տարի, սակայն Էռնեկյանի առաջարկած ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ:

Մեկ այլ ավելի թարմ օրինակ է «Գոլդեն Փելիս» հյուրանոցի հետ կապված իրավիճակը: Հիշեցնենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն պետությանն է փոխանցել Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը: Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ է որոշել հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ: Սակայն ամեն անգամ աճուրդը չի կայանում եւ հյուրանոցի գնորդ այդպես էլ չի գտնվում:

Հիմա էլ այս ամենն աչքի առջեւ որպես օրինակ ունենալով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ ցանկանում է ակադեմիական քաղաքներ կառուցել եւ բուհերի ներկայիս շենքերն էլ կհանվեն աճուրդի: Սակայն ով պետք է գնի այդ շենքերը, երբ հայաստանյան շատ գործարարների հաշիվներ կալանքի տակ են կամ երբ իշխանությունը հասարակությանը բաժանում է սեւերի եւ սպիտակների եւ առավելություն է տալիս միայն իր շրջապատին: Պատահական չէ, երբ անգամ համացանցում առկա տեղեկությունների համաձայն, այդ շենքերը վաճառվելու են թուրքերին:




Լրահոս