Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս երթը կազմակերպվել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից:
Երթի սկսվելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով, անդրադառնալով, հայ-թուրքական հաշտեցման հնարավորությանը՝ ասաց. «Մենք երբեք դեմ չենք հայ-թուրքական հարաբերություններին: Բայց ինչի՞ հաշվին: Եթե դա տեղի է ունենալու Ցեղասպանության ուրացման հաշվին, մենք դեմ ենք այդ հարաբերություններին և ամեն բան անելու ենք, որ դա չլինի»:
Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ կխոնարհեն բոլոր այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: