Գլխավոր դատախազությունը նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործ է հարուցել։ Հատուկ քննչական ծառայությունը պետք է քննի՝ արդյոք Հայաստանի նախագահը 2018-ի ընտրության ժամանակ ներկայացրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինել-չլինելու մասին փաստաթղթեր, թե ոչ։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու այլ 49 փաստաբան այս հարցով դիմել էին Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործ հարուցել։ Այժմ Գլխավոր դատախազությունը վերացրել է Հատուկ քննչական ծառայության այս մերժումը և քրեական գործ հարուցել փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հոդվածով։
Մասնավորապես, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իրավապահներին կոնկրետ ապացույց է ներկայացրել այն մասին, որ 2018 թվականին խորհրդարանի կողմից ընտրված նախագահ Սարգսյանը նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Սակայն Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։
Սակայն նկատենք՝ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիություն ունենալու հարցն առաջին անգամը չէ, որ բարձրացվում է։ Այս մասին դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ խոսել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Այդ ժամանակ նախագահի թեկնածուն պատգամավորներին ներկայացրել էր միայն Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղեկանքը իր քաղաքացիության և բնակության վայրի մասին, բայց չէր հրապարակել դրա մասին վկայող փաստաթղթերը: Այս աղմկահարույց հայտարարությունից հետո վարչապետ ընտրվելուց առաջ ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում էր արել, ասելով, թե Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը նախագահը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին։
Օրեր առաջ էլ տված հարցազրույցում էլ նախկին նախագահն Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանը ունի՞ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, ասել էր՝ «Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև ոչ միայն նրա համար, որ ես իրեն ուղիղ եմ հարցրել, և ինքն ասել է, որ վաղուց հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից, այլ նաև մեր պատկան մարմիններից ես որևէ ահազանգ այդ մասով չեմ ստացել»:
Ն.Հ.