ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Աֆղանստանին ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո,- հայտնել է Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Der Spiegel -ին:
«Մենք չենք թողնի Աֆղանստանը: Երբ զորքերի դուրսբերումն ավարտվի, մենք նոր էջ կբացենք մեր համագործակցության պատմության մեջ: Աֆղանստանը կլինի ամերիկյան և արտասահմանյան օգնություն ստացող առաջին պետությունների շարքում: Այդ օգնությունը կներառի աջակցություն աֆղանական անվտանգության ուժերին, հումանիտար օգնություն և օգնություն՝ զարգացման նպատակով»,-ասել է Խալիլզադը :
«Աֆղանական անվտանգության ուժերը ազգային ինստիտուտ են, որ արժանի են աջակցության: Մենք կունենանք ուժեղ դեսպանատուն»,- ասել է ներկայացուցիչը: Նաև նշել է, որ ԱՄՆ-ը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի վերացնի Աֆղանստանում բռնությունը խաղաղ համաձայանգիր ստորագրելու միջոցով: Հակառակ պարագայում իրավիճակը կարող է սրվել,- կարծիք է հատնել Խալիլզադը:
«Մենք կմնանք Աֆղանստանի լավ բարեկամը և պատրաստ ենք աջակցել ցանկացած պարագայում»,- ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը: Հիշեցնենք, ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ավարտում է աֆղանական օպերացիան, որը ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատև ռազմական օպերացիան էր:
Ամերիկյան զորքերի դուրսբերումը սկսվել էր նախորդ շաբաթ: Այն կավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը: 2010-2013 թվականերին ԱՄՆ ավելի քան 150.000 զորք կար Աֆղանստանում: Հիմնական զորամիավորումները այնտեղից դուրս էին բերվել 2014 թվականին: