Մեկ շաբաթ է ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք: Փորձենք ամփոփել, թե այս ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին կատարվող գործողություններին ինչպես է արձագանքել միջազգային հանրությունը:
Այսօր հինգերորդ օրն է, ինչ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ դիմելու մասին:
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ՝ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ», – նշել էր նա:
ՀԱՊԿ-ին դիմելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անցել է հինգ օր, սակայն դաշինքի անդամ-երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների և պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների խորհրդակցության մասին տեղեկություն չկա։
Ռուսաստանի հետ Հայաստանը կապված է նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին», ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» դեռ 1997-ին ստորագրված պայամանագրերով։
ՀԱՊԿ արձագանքի փոխարեն երեկ արձագանքեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, թե ռուսական կողմը պատրաստ է օգնել երկու կողմերին էլ:
Իսկ ինչպես են արձագանքել այլ երկրները: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հստակ Ադրբեջանից պահանջել են Հայաստանի տարածքից հանել ադրբեջանական զորքը եւ հիշեցրել են հայ ռազմագերիների վերադարձի մասին: Հայաստանի հարևան Իրանը եւս պաշտպանել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հայտարարել, թե Իրանը չի հանդուրժելու սահմանների որևէ փոփոխություն:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.