ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մսամթերքը, շաքարավազն ու սննդամթերքը թանկացել են. ապրանքների գնաճը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն սպառողական շուկայում գնանկում է արձանագրել, բայց չնայած դրան՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները շարունակում են բարձր մնալ:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ սննդամթերքն այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած թանկացել է 7.5 տոկոսով: Բայց այս տարվա ապրիլի համեմատ այն հակառակը էժանացել է՝ 1 տոկոսով: Ի դեպ, այս գնանկմանը նպաստել են բանջարեղենի, մրգի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի էժանացումները: Բանջարեղենի շուկայում մեկ տարվա ընթացքում եւս գնաճ է արձանագրվել՝ 6.3 տոկոսի չափով, բայց ապրիլի համեմատ այն 7 տոկոսով էժանացել է: Միայն մրգի շուկայում արձանագրվել է 4.3 տոկոս:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում եւս վիճակագրական կոմիտեն 1.3 տոկոս գնանկում է արձանագրել: Միայն ձվի գինը նվազել է 4.8 տոկոսով: Բայց ձուն այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 46.1 տոկոսով է թանկացել: Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացաբուլկեղենը եւս թանկացել է. 2021թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.5, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.6, սուրճի, թեյի, կակաոյի 0.7 տոկոս գնաճ:

Իսկ ահա մսամթերքը թանկացել է 0.9 տոկոսով: Շաքարավազի գինը եւս բարձրացել է, վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 1.9 տոկոսով: Յուղերի եւ ճարպերի շուկայում մայիսին ապրիլի համեմատ արձրանագրվել է 3.6 տոկոս: Միայն արեւածաղկի ձեթի միջին գնաճը այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 84.4 տոկոս, իսկ 2021 թվականի ապրիլի համեմատ՝ 6 տոկոս: Ձկան եւ ծովամթերքի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4.8 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի գները մայիսին ապրիլի համեմատ 1 տոկոսով բարձրացել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս