ՀՀ առողջապահության նախարարությունն օտարերկրացիների պատվաստման կարգում փոփոխություն է իրականացնելու: Ինչպես հայտնի է՝ Հայաստան վերջին օրերին անվճար պատվաստվելու նպատակով մեծ թվով իրանցիներ են այցելում: Բացի այս, պատվաստման հարցում ակտիվ են նաեւ արաբները, ռուսները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հուլիսի 15-ից սկսած՝ Հայաստանում ուժի մեջ կմտնի պահանջ, ըստ որի՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները, որոնք Հայաստանում կբնակվեն առնվազն 10 օր, կպատաստվեն, այն էլ՝ միայն ՙԱստրաԶենեկա՚ պատվաստանյութով:
Պարզվում է, որ օտարերկրացիները հուլիսի 15-ից հետո չեն կարող պատվաստվել պոլիկլինիկաներում. նրանց պատվաստումը կիրականացվի միայն շրջիկ կետերում: Ըստ առողջապահության նախարարության՝ օտարերկրացիները պետք է 10 օր մնան եւ նոր պատվաստվեն, ինչից հետո էլ որոշակի ժամանակ կրկին պետք է մնան նոր մեկնեն. այս ամենը կրկնապատկվում է 2-րդ փուլի համար:
Այսինքն, մեկ հոգին նվազագույնը 35 օրվա տուրիստական ծախսեր կբերի մեր երկիր՝ հյուրանոց, սնունդ եւ այլն: Ճիշտ է նախարարությունում ոգեւորված են, հույս ունեն, որ 35 օր իրանցիները ծախսելու են մեր երկրում, բայց իրանցիների շրջանում հասցրել է դժգոհության ալիք բարձրացնել այս կարգը, որը գործելու է հուլիսի 15-ից: Եւ հենց այս փոփոխության պատճառով է, որ իրանցիների մեծ խմբեր վերջին մի քանի օրերին շտապում են Հայաստան:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կարգը փոխել է իրավիճակը, քանի որ շատ իրանցիներ աշխատելու հետ կապված խնդիր ունեն եւ հետեւաբար չեն կարող 10 օրով աշխատանքից կտրվել՝ գալով Հայաստան:
Ի դեպ, այս կարգի մասին լսելուց հետո բազմաթիվ իրանցիներ չեղարկել են դեպի Հայաստան իրենց այցելությունը: Մյուս կողմից, ակտիվ շրջանառվում է տեղեկություն, ըստ որի՝ Վրաստանում եւս օտարերկրացիների համար անվճար է պատվաստումը: Եւ տուրիզմի ոլորտի որոշ ներկայացուցիչներ մտահոգված են նախարարության ձեռնարկած կարգի փոփոխությունից:
Նրանց կարծիքով իրանցիները պատվաստման համար կարող են նաեւ մեկնել Վրաստան: Բայց չնայած սրան՝ կառավարությունում վստահ են, որ եթե օտարերկրացիները գան, 10 օր մնան ու հետո պատվաստվեն, ապա դրա արդյունքում կզարգանա երկրի տնտեսությունն ու զբոսաշրջությունը:
Ս. Հ.