Թալիբների՝ մայրաքաղաք Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Երկրի ներքին գործերի նախարարն ասել է, որ իշխանության փոխանցումը կլինի խաղաղ՝ առանց կռվի:
Աֆղանստանի բանակի և թալիբների միջև բախումներ են տեղի ունեցել քաղաքի հարավային և հյուսիսային ծայրամասերում, թեև թալիբների խոսնակը ասում է, որ խմբին հրահանգ է տրված չգրոհել քաղաքը, որը երկրում կառավարության վերջին հենակետն է: Մամուլի խոսնակը հավելել է, որ խումբը մտադիր չէ վրեժ լուծել որևէ մեկից, և պնդում է, որ բոլոր նրանք, ովքեր ծառայել են կառավարությանը և բանակին, կներվեն:
Աֆղանստանի նախագահությունը պնդել է, որ իրավիճակը Քաբուլում դեռ վերահսկելի է: Քաղաքացիները հերթ են կանգնել՝ իրենց խնայողությունները բանկերից հանելու համար, քանի դեռ դրանց դռները չեն փակվել իրացվելիության բացակայության պատճառով:
Ամերիկացի դիվանագետները դեսպանատնից տարհանվել են ուղղաթիռով. քաղաքում կմնա 50-ից պակաս պաշտոնյա: Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, ԵՄ աշխատակազմի մի քանի աշխատակիցներ նույնպես տեղափոխվել են Քաբուլում ավելի անվտանգ վայր: Մյուս կողմից, Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր չէ իր պաշտոնյաներին հեռացնել Քաբուլից: «Թալիբան»-ը երաշխավորել է դեսպանատան անվտանգությունը:
Հիշեցնենք, որ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը: Նշվում է, որ այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները գրավել են Մազարի Շարիֆը` Ուզբեկստանի հետ սահմանին գտնվող Բալխ նահանգի կենտրոնը և երկրի հյուսիսում ամենամեծ քաղաքը: Բացի այդ, արմատական շարժման ուժերն առանց դիմադրության գրավել են Ջալալաբադը՝ արևելյան Նանգարհար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին:Այսպիսով, խոշոր քաղաքներից միայն Քաբուլն է մնացել կառավարության վերահսկողության տակ:
Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո: