Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարության 2021-2026 թվականների հնգամյա ծրագիրը, որն արդեն հաստատվել է խորհրդարանի կողմից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, հիմնված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների վրա։
ArmLur.am-ն առանձնացրել է կուսակցության նախընտրական ծրագրում առկա դրույթները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս անգամ կանդրադառնանք տնտեսության վերաբերյալ դրույթներին:
Տնտեսության վերաբերյալ մոտեցումները հիմնականում չեն տարբերվում երկու փաստաթղթերում: Կան միայն աննշան փոփոխություններ: Եթե կառավարության ծրագրում նշվում է, որ նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցվելու են համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, ապա ՔՊ ծրագիրն ավելի կոնկրետ է: Նշվում էր, որ կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել առնվազն 61,000 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ: Միջին աշխատավարձը 190,000 դրամից 300 հազար դրամ դարձնելու նպատակը նույնպես նշված չէ կառավարության ծրագրում:
Ն.Հ.