«Հայկական կողմը Թուրքիայի նախագահի հայտարարություններում տեսնում է Հայաստան – Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն», – երեկ՝ կառավարության նիստի հենց սկզբում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պաշտոնական Երեւանը պատրաստ է նման խոսակցության: «Օգոստոսի 24-ին՝ Ազգային ժողովում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս, ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու, եւ սա արձանագրված է Ազգային ժողովի կողմից ընդունված ծրագրում, եւ այդ ծրագրի իրագործումը, ահա, դարձել է աշխատանքային օրակարգ մեզ համար։
Ինչպես տեղյակ եք, վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո ես արդեն հասցրել եմ այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, այսօր էլ մեկնում եմ Վրաստան։ Թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության, թե՛ Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման, եւ այս համատեքստում կարեւորում եմ Հյուսիս-հարավ նախագիծը, որն Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին։ Մեզ համար չափազանց կարեւոր է նաեւ երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ,- նշում է նա եւ շարունակում:- Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մենք տրամադրված ենք վերականգնել Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Կարեւորում եմ նաեւ Ադրբեջանի հետ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու օրակարգը, եւ մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը:
Հարգելի՛ գործընկերներ, պետք է արձանագրեմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցին, հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը։ Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին եւ ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, եւ մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանն արեւելքն արեւմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան եւ Միացյալ նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի եւ Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»։
Վարչապետը վերջին շրջանում կառավարության արդեն երկրորդ նիստին է արձագանքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը։ Երեկ, ըստ էության, Հայաստանի ղեկավարն արձագանքեց վերջերս Էրդողանի արած այն հայտարարությանը, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երեւանի հետ։
Մինչ այս էլ Փաշինյանը Էրդողանի՝ Հայաստան – Թուրքիա հարաբերություններին առնչվող ավելի վաղ արած հայտարարությունը դրական ազդակ էր համարել. «Կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը մեր երկարատեւ ռազմավարությունն է, եւ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար։ Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի եւ ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման ջանքեր գործադրել»։
Ն.Հ.
ՆՇԱՆԱԿՎԵՑ
Կառավարությունն ընդունեց որոշում, որով Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Սարգսյանին եւ մաղթեց հաջողություններ գործունեության մեջ: Մինչ այս Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը եւ զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԱՅՑԵԼԵԼ Է ԲԿ
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին սեպտեմբերի 7-ին այցելել է Լոռու մարզ, որտեղ ներկա է գտնվել Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։ Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255 000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող 770 000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումների շարքում։ Սարքավորումները տրամադրվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրով: «Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության ու առողջության։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի բուժառուների ախտորոշման ու բուժման հարցում», – ասել է դեսպան Թրեյսին. այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
ՍԿՍԵԼ ԵՆ ՔԻՉ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Հայաստանում սկսել են ոչ միայն շատ ամուսնանալ, այլեւ ամուսնալուծվել: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2019թ. հունվար-հուլիսին Հայաստանում գրանցվել է 8 հազար 752 ամուսնություն, 2020-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 6 հազար 436-ի: Իսկ, ահա, այս տարվա 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է 9 հազար 629 ամուսնություն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածից 3193-ով ավելի է: Բայց, մյուս կողմից, ավելացել են նաեւ ամուսնալուծությունները: Պաշտոնապես, այս տարվա հունվար-հուլիսին ամուսնալուծությունների թիվը կազմել է 2440` 633-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից ավել: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ տարին դեռ չի ավարտվել, եւ այս թիվը, բնականաբար, կփոխվի: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե առավելապես որ պատճառներն են ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը այլեւս հետ չի պահում ամուսնալուծությունից:
ՆՍՏԱՇՐՋԱՆ
Armlur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունը պատրաստվում է սեպտեմբերի 13-ին կայանալիք ԱԺ աշնանային նստաշրջանին: Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16.00-ին, ՀՀ ԱԺ խորհուրդն արդեն նիստ է հրավիրել, որպեսզի հաստատի նոր խորհրդարանի նստաշրջանի օրակարգը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը նպատակ ունի ընտրել Վճռաբեկ դատարանի դատավոր, ու դեռեւս ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի կառավարման ժամանակահատվածում առաջադրվել է երեք դատավորի թեկնածու` Հովսեփ Բեդեւյան, Հրաչ Այվազյան եւ Լիանա Հակոբյան: Իշխանության մեր աղբյուրներ փոխանցում են, որ խմբակցությունում դեռեւս վերջնական որոշում չկա, թե թեկնածուներից ում են ընտրելու. առաջիկա օրերին խմբակցության նիստ կանեն ու կորոշեն, ում ինչպես քվեարկել: Օրակարգում է նաեւ ՀՀ ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը: Իշխանությունը պատրաստվում է նաեւ ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. թեկնածուն ՀՀ արդադատության նախարարության ներկայացուցիչ Մարիամ Գալստյանն է: Երկար փնտրտուքից հետո նրան առաջարկել են այդ պաշտոնի համար: Նշենք, որ ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանի կնոջը խորհրդարանը չընտրեց այդ պաշտոնում, հիմա իշխանությունը կրկին է փորձում՝ այս անգամ այլ թեկնածու առաջադրելով:
ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստում քննարկել է 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Ըստ նախագծի հիմնավորման՝ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային է, լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Սեպտեմբերի 21-ը երեքշաբթի է, իսկ 20-ը՝ երկուշաբթի: Այսպիսով քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր: