Այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով՝ Հայաստան զբոսաշրջիկ այցելել է հիմնականում Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Մասնագետները կանխատեսում են, որ զբոսաշրջիկների այցերի աճ կնվազի մինչեւ տարեվերջ։ Չէ որ COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` ՙկարմիր՚ գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները խստացվել են: Բայց սրան զուգահեռ, Երեւանի փողոցներում հնարավոր է հանդիպել նաեւ ռուս զբոսաշրջիկների:
ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը 3200-ով ավելացել է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ՌԴ-ից այցելել է 41 հազար 500 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվար-հունիս ամիսներին՝ 44 հազար 700: Բացի այս, 1000-ով պակասել են Ֆրանսիայից, 2000՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 700-ով ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ուղիղ 900-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, այս տարվա 6 ամիսներին 200-ով պակասել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը:
Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը զգալի ավելացել է՝ կազմելով 13 հազար 400: Եթե 2020-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելել է 6600 իրանցի զբոսաշրջիկ, ապա այս տարի այդ թիվը կազմել է 13 հազար 400: Օրինակ, մայիս-հունիս ամիսներին իրանցի զբոսաշրջիկների աճ գրանցվեց, քանի որ նրանք գալիս են Հայաստան՝ պատվաստվելու նպատակով: Սակայն առողջապահության նախարարությունը կարգի մեջ փոփոխություններ կատարեց, այդ պատճառով նրանց թիվը զգալիորեն կրճատվեց. օտարերկրացիները հուլիսի 15-ից հետո չեն պատվաստվում պոլիկլինիկաներում, նրանց պատվաստումը իրականացվում է միայն շրջիկ կետերում:
Ըստ առողջապահության նախարարության՝ օտարերկրացիները պետք է 10 օր մնան եւ նոր պատվաստվեն, ինչից հետո էլ որոշակի ժամանակ կրկին պետք է մնան նոր մեկնեն. այս ամենը կրկնապատկվում է 2-րդ փուլի համար: Բայց շատ իրանցիներ աշխատելու հետ կապված խնդիր ունեն եւ հետեւաբար չեն կարող 10 օրով աշխատանքից կտրվել՝ գալով Հայաստան: Այսինքն չի բացառվում, որ այս թիվը առաջիկայում դարձյալ կնվազի:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.